«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանի արձագանքը Փաշինյանին

Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանն այսօր նորից հարցաքննվում էր Քննչական կոմիտեում: Շուրջ 7 ժամ տևած քննչական գործողություններից հետո նա նորից տեղափոխվեց կալանավայր:

Ծառուկյանին մոտենալ ոստիկանները թույլ չտվեցին, նա էլ հասցրեց միայն արձագանքել վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե գործարարի ու նրա ընկերությունների նկատմամբ տեղի ունեցող գործընթացն իր նախընտրական խոստումն է: «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում», նշեց Ծառուկյանը:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Ես նախընտրական շրջանում խոստացել եմ, չէ՞, մարդկանց, որ այդ թալանածը հետ է բերվելու: Հիմա հետ է բերվում»:

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանին քննադատած ԲՀԿ առաջնորդին իրավապահները կալանավորեցին հուլիսի սկզբին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, վերջերս էլ ավելացավ նաև հարկերից խուսափելու մեղադրանքը:

Այսօր Քննչականում առերեսումներ էին, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ դրանք որակելով իմիտացիա. «Այսօրվա քննչական գործողությունն իրենից ներկայացնում էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հետ առերեսման շարունակությունը»:

70-ամյա ԲՀԿ առաջնորդին իրավապահները ձերբակալել էին նրա իսկ տանը՝ գետնին տապալելով: Ըստ Քննչականի, Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Խոսքը տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոն ստեղծելու մասին է, որն այդպես էլ իրականություն չդարձավ:

Ընկերության 50 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն էր, մյուս 50 տոկոսը՝ իրանական ParsHilal Caspian Group-ը։

Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան. «Պարոն Ծառուկյանի վերաբերյալ գործով մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, այդ ապացույցները քննչական մարմինն իր ձեռքի տակ ունի, ունեն ստացականներ, բանկային փոխանցումներ, փոխառության պայմանագրեր: Ակնհայտ է, որ պարոն Ծառուկյանն այս գործով պետք է լինի տուժող, այնինչ նրան իրավիճակով պայմանավորված շնորհվել է մեղադրյալի կարգավիճակ»:

Էմին Խաչատրյանի խոսքով, նախորդ առերեսումներն այս գործով տուժող ճանաչված Իրանի քաղաքացիների հետ կիսատ էին մնացել, և այսօր որոշել էին դա շարունակել: Բայց իրենք չհամաձայնեցին, քանի որ կողմնապահության կասկածներ ունեն: Քննչականից, սակայն, փաստաբանի այս դիտարկման վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում:

Արդեն մեկ ամիս է՝ նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են: ԲՀԿ առաջնորդին պատկանող «Արարատցեմենտ»-ը ևս այդ ընկերությունների շարքում էր, թեև կառավարության միջամտությամբ գործարանի աշխատանքները վերսկսելու որոշում կայացրին:

Ըստ Ծառուկյանի թիմի՝ իրավապահների գործողությունների հետևանքով շուրջ 10 000 մարդ հարկադիր պարապուրդի մեջ է։

Այսօր մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացել աշխատատեղերը:

«Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն «Արարատցեմենտ»-ում պրացեսները ընդհատվել էին, հիմա շարունակվում են, ժամանակավոր կառավարիչ կնշանակվի: Բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա՝ որոշակի կասեցում, մի քանի օր, ինչ-որ մի ժամանակաշրջան, կբացվեն, կաշխատեն», - Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր անց էկոնոմիկայի նախարարը «Արարատցեմենտ»-ում կառավարիչ նշանակեց: Նա վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ծառուկյանի ընկերությունների տասնյակ աշխատակիցներ հավաքվել են Կառավարության շենքի առջևԱվետ Կոնջորյանի ծեծի գործով ձերբակալվածներից մեկը նրա նույնպես ՔՊ-ական նախկին ընկերն է Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա անցկացրեցին Իրանի դեսպանատան առջևԾառուկյանի թիմակիցները ակցիա անցկացրին Իրանի դեսպանատան առջև, նամակ հանձնեցին դեսպանին