«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նորից տեղափոխվեց մեկուսարան. առերեսումը դադարեցվել է:
Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը տեղեկացրեց, որ ամբողջ քննչական խմբին ներկայացվել է բացարկի միջնորդություն. «Մրցակցության բացակայության, ապօրինության այս պայմաններում հնարավոր չէր շարունակել գործընթացը»:
Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանին այսօր առավոտյան էին դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ բերել Քննչական կոմիտե: Երեկ փաստաբանները հայտնել էին, որ Ծառուկյանն առերեսվել էր իր դեմ բողոքող իրանցի գործարարներից մեկի հետ: Ենթադրվում էր, որ այսօր կառերեսվի իրանցի մյուս գործարարի հետ:
Առերեսման երկրորդ օրը Գագիկ Ծառուկյանի մյուս փաստաբան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից: Գործարարի պաշտպանը հայտնեց, որ քննիչների համար հիմք է ծառայել տուժած ճանաչված իրանցիներից մեկի բողոքը:
Իրանի քաղաքացին դժգոհել է, որ Երեմ Սարգսյանը ժամանակին մասնակցել է իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին, ուստի պետք է որպես վկա հարցաքննվի, ոչ թե ստանձնի Ծառուկյանի պաշտպանությունը: Երեմ Սարգսյանը իրավապահների այս որոշումը որակեց ապօրինի:
Փաստաբանն արդեն ծանուցագիր է ստացել՝ այսօր որպես վկա հարցաքննվելու համար:
Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:
Երեկ տեղի ունեցած հարցաքննությունից ժամեր առաջ հրապարակվել էր Գագիկ Ծառուկյանի ուղերձը մեկուսարանից, նա այս անգամ իշխանություններին չէր քննադատել, թվարկել էր իր կատարած աշխատանքն ու խոստացել «շարունակել կառուցել»:
Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանի տասնյակ ձեռնարկությունները, իսկ «Արարարատցեմենտ» գործարանի կառավարումն արդեն անցել է պետությանը: