TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ. Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամի, արխիվ

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի Պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը:

Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են, «Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին:

«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք: Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան», - պատասխանեց իրանցի դիվանագետը;

2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում. պաշտոնապես հայտարարում են, թե TRIPP-ի մասին հայկական կողմի հավաստիացումներին հավատում են, մյուս կողմից, սակայն մտավախություն հայտնում, թե Միացյալ Նահանգներն այս ծրագիրը հնարավոր է սեփական անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործի: Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին:

«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Թեհրանի հանդեպ՝ մենք մտահոգություններ ունեինք, որոնց մասին մեր հայ գործընկերների հետ խոսել ենք շատ ջերմ մթնոլորտում, նրանք մեզ վստահեցրել են, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա: Մենք փոխադարձ վստահություն ունենք», - ասաց Շիրղոլամին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն ակտիվացնում է ջանքերը Հարավային Կովկասում, մինչ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն անորոշ էԵրևանում է Իրանի փոխարտգործնախարարըՀայաստանը ակտիվ աշխատում է, որպեսզի «TRIPP երթուղին» հարգի Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպան Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում էԵրևանը ջանում է փարատել Թեհրանի և Մոսկվայի մտահոգությունները

Այժմ Իրանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները վերջին տարիների համեմատ առավել լարված են. հունվարին Իրանում զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ զինված գործողություններից հետո, ինչի հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, հազարավոր խաղաղ ցուցարարներ զոհվեցին, ամերիկյան կողմը սպառնաց ռազմական գործողության դիմել, եթե սպանությունները չդադարեն: Իրանն էլ Միացյալ Նահանգներին ու Իսրայելին մեղադրեց բողոքի ցույցերը կազմակերպելու համար: Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները զորքեր է կենտրոնացրել տարածաշրջանում՝ Թեհրանից պահանջելով միջուկային ծրագրի շուրջ գործարքի գնալ: Այժմ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում են այս հարցի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անցած ամիս հավաստիացրեց, թե Թեհրանի համար մշտապես հասանելի են. - «Մենք անընդհատ կապի մեջ ենք և պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեսպանը՝ Երևանում ակցիաների և Հայաստանի իշխանությունների «համապատասխան քայլերի» մասինՓաշինյանն արձագանքում է Իրանի դեսպանին. Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնաԹեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն. Իրանի դեսպան

Հենց այս փուլում շաբաթներ առաջ Հայաստան, ապա Ադրբեջան այցելեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, այս շաբաթ էլ պաշտոնական այցով Իրանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել նրա այցի ընթացքում, շատ բան հայտնի չէ, փոխարենը՝ պարզ է, որ Պապիկյանին Թեհրանում զինվորականներից բացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են ընդունել. այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

Արդյո՞ք կողմերը պատրաստվում են ռազմատեխնիկական համագործակցություն սկսել, Երևանը դիտարկելո՞ւ է նաև հարևան երկրից զինամթերք գնելու տարբերակը. Սուրեն Պապիկյանի հանդիպումների վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները փակագծեր չեն բացում: Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես մանրամասներ չհայտնեց:

«Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և այս կարևոր նպատակի համար մեր համագործակցությունը մշտապես զարգացրել ենք նաև պաշտպանական բնագավառում», - ասաց Շիրղոլամին:

Իրանական կողմի հաղորդագրությունները Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումների մասին ավելի ընդարձակ են: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, օրինակ, կրկնել է Թեհրանի դիրքորոշումը, թե «տարածաշրջանի կայունությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ ուժերի միջամտության»: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին էլ պնդել է, թե արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարաշրջանի բնակիչների շահերին և «անկայունության և անապահովության պատճառ է»: Թե ինչ է պատասխանել Պապիկյանը, պարզ չէ: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունններում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների պնդումների վերաբերյալ անդրադարձ չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փեզեշքիանը վերահաստատել է «Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը» տարածաշրջանային զարգացումների վերաբերյալՀայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՊապիկյանն այցելում է Իրան

Ի դեպ, դեսպան Շիրղոլամին հարցազրույցից առաջ անհրաժեշտ համարեց քննադատել «Ազատությանը» Իրանում հազարավոր ցուցարարների սպանությունը, բողոքի ցույցերը ու հենց Երևանում՝ դեսպանատան առջև իրանցիների ցույցերը «միակողմանի» լուսաբանելու համար:

«Դուք շատ միակողմանի տեսակետներ ներկայացրեցիք ու պատմությունը միայն մի կողմից լուսաբանեցիք, սա հակասում է պրոֆեսիոնալ լրատվական ծառայություններին», - պնդեց իրանցի դիվանագետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանից հեռանալու՝ ԱԱԾ տված ժամկետը լրացել է. իրանցի կինը շարունակում է զանգեր ստանալ«Երդվել եմ ամեն օր գալ». ինչո՞ւ են իրավապահները հետաքրքրված իրանցի երիտասարդով«Մի մասնակցիր, հետևանքներ կունենա». հայաստանաբնակ իրանցիները ահազանգում են՝ ԱԱԾ-ից շարունակում են հարցումների կանչելԻրանցիները ցույց անցկացրեցին Երևանում Իրանի դեսպանատան դիմաց, երթն արգելվեց