TRIPP նախագիծը քարոզարշավում․ ինչ են առաջարկում ընդդիմադիր ուժերը

Ճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ

Ընտրապայքար մտած ընդդիմադիր առանցքային ուժերից Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն է հրապարակավ քննադատում TRIPP նախագիծը, որ ամերիկյան հովանու ներքո Հայաստանի տարածքով ապահովելու է Ադրբեջանի մի մասի կապը Նախիջևանի հետ:

«Միացյալ Նահանգներն այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ, ո՞նց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերության, դա նորա՞լ եք համարում, Իրանը դա ո՞նց կընդունի: Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղը», - ասաց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանին չեն համոզել Երևանի հավաստիացումները, թե Իրանի հետ խնդիրներ չեն լինի, նա հիշեցնում է Թեհրանից երբեմն-երբեմն հնչող մտահոգությունները՝ առաջարկելով դրանք փարատելու իր բանաձևը՝ ներգրավել Ռուսաստանին:

«Պետք է անպայման պրոեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանն ունի դրական վերաբերմունք: Կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհն ու ասել, որ մենք ինքներս՝ Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը՝ Նախիջևանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ, ստեղծում ենք, խնդրեմ, օգտվեք», - ընդգծեց երկրորդ նախագահը:

Քոչարյանը, որ «Թրամփի ուղին» որակել է Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը, նախընտրական ծրագրում գրել է, թե տարածաշրջանային ճանապարհները պետք է ապաշրջափակվեն գլխավոր առաջնահերթություն դիտարկելով Աբխազիայով անցնող երկաթուղային կապի վերականգնումը: Աբխազիան Ռուսաստանի ռազմական միջամտությամբ ինքն իրեն հռչակել է պետություն, Վրաստանն այն օկուպացված տարածք է համարում:

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը TRIPP-ից չի հրաժարվելու, բայց վերանայել դիտարկում են:

«Մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից, մենք ուսումնասիրելու ենք, եթե մեր պետությունն օգտվում է, նույնիսկ Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք դա, իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակցելու ենք», - ասաց Կարապետյանը:

Գործարարի եղբորորդին՝ վարչապետի փաստացի թեկնածու Նարեկ Կարապետյանը որոշ չակերտներ բացում է՝ ամերիկացիներին դեմ չեն. «Ձեռքբերում է, որովհետև աշխարհի ամենամեծ երկիրը, մեր բարեկամ երկիր, որտեղ միլիոնավոր հայեր են ապրում, մաս է կազմել ձևաչափին, բայց հիմա որպես վկա, մեզ պետք է հասնենք նրան, որ ձևաչափի մեջ նա երաշխավոր լինի, հարևան երկրին մենք չենք վստահում, նույնն էլ տարածաշրջանային այլ երկրները, եթե ցանկություն ունենան Հայաստանի, իսկ ես տեսնում եմ, նաև ինչ-որ առումով գիտեմ, որ մեր սահմանային երկրներ կան, որոնք պատրաստ են լինել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավոր»:

Նարեկ Կարապետյանը նկատի ունի, օրինակ, Իրանը, Ռուսաստանը, բայց թե ինչպես բարիկադների տարբեր կողմերում հայտնված Վաշինգտոնը, Թեհրանն ու Մոսկվան պիտի «Թրամփի ուղի» գործարկեն, ասում է՝ լավ բանակցողից է:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ TRIPP-ին դեմ չէ, սակայն նա ևս վերապահումներ ունի. «Դա օգուտ է, բայց պետք է ճիշտ..., ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է, պետք է մենք Չինաստանի հետ էլ, Ռուսաստանի, Պարսկաստանի հետ էլ պայմանավորվենք՝ ճանապարհը բաց է, թող աշխատի, դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով՝ մենք իրավունք չունենանք ոչ մի բանի: Պետք է բացվի, բայց մտածված, հասկանալով, թող գան քննարկենք, նստենք կլոր սեղանի շուրջ»:

Ամերիկյան հռչակագրում, մինչդեռ, ճիշտ հակառակը՝ հայկական կողմին են վերապահված մաքսային և անվտանգության իրավունքները: Այլ հարց, որ Երևանը դա գուցե պատվիրակի միջնորդի՝ ֆրոնտ օֆիսի:

«Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ծրագրում «Թրամփի ուղու» մասին հիշատակում չկա, սակայն շեշտվում է, որ տրանսպորտային փոխկապվածության ոլորտում Հայաստանի հիմնական դաշնակիցները պետք է լինեն Ռուսաստանը և Իրանը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ Ազգային կոնգրեսում էլ ծրագրում են TRIPP-ն ընդլայնել՝ նախագիծ հրավիրելով BRICS կազմակերպության անդամներ Չինաստանին, Ռուսաստանին. «Հասկանում ենք, որ Սյունիքը լուրջ տրանզիտային ակտիվ է որպես տարածք գերտերությունների համար, որի համար պայքարում ենք այդ գերտերությունները: Մենք պետք է գտնենք շահերի ներդաշնակեցման սխեման, դա TRIPP+BRICS ծրագիրն է»:

Իշխանությունները մինչդեռ անիրատեսական են համարում այսօրինակ առաջարկները՝ պնդելով, որ միայն ամերիկյան միջնորդությամբ TRIPP-ը կյանքի կկոչվի՝ չվնասելով Ռուսաստանի և Իրանի շահերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ-թուրքական երկխոսությունը «հասունացած է», Թրիփը՝ փաստաթղթային փուլում. ՄիրզոյանԱմերիկյան AECOM-ի թիմը Հայաստանում է՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքներըTRIPP-ի հատվածում երկաթուղին կառավարելու է «TRIPP» ընկերությունըՌուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP-ի նախագծինTRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են. վարչապետի մեկնաբանությունը