Այսօր կայացել է Միացյալ Նահանգների և Լիբանանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Դոնալդ Թրամփն ու Ժոզեֆ Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատման հարցը։
Axios կայքի տեղեկություններով հրադադարը Լիբանանում կարող է ուժի մեջ մտնել արդեն առաջիկա ժամերին։ Իսրայելական Haaretz պարբերականի տեղեկություններով՝ հրադադարի մասին կողմերը կարող են հայտարարել արդեն այս գիշեր։
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը պատրաստ է Իրանի և Լիբանանի հետ կապված ցանկացած սցենարի։
«Դեռ շատ վաղ է ասել, թե ինչպես կավարտվի սա կամ նույնիսկ ինչպես կզարգանա։ Հաշվի առնելով մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Պատերազմի հետևանքով Լիբանանում ավելի քան մեկ միլիոն մարդ է տեղահանվել, սա բնակչության մեկ հինգերորդն է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը սա «աննախադեպ» է որակել և կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ օգնել Լիբանանին։