Թրամփը թերևս չի ընդունի Իրանի առաջարկը. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ փլուզման եզրին են Միացյալ Նահանգների կողմից իրանական նավահանգիստների շրջափակման պատճառով: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն հնարավորինս շուտ «բացի Հորմուզի նեղուցը», մինչ նրանք փորձում են պարզել, թե ով է իրականում ղեկավարում Իրանը: «Կարծում եմ՝ նրանք կկարողանան դա անել», - սոցցանցում գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Մինչ այդ, ամերիկացի մի պաշտոնյա Reuters-ին պատմել էր, թե Թրամփը խորհրդականների հետ քննարկմանն ասել է, որ դժգոհ է իրանական նոր ծրագրից: Դրանով առաջարկվում է փոխադարձաբար վերացնել Հորմուզի նեղուցի և իրանական նավահանգիստների շրջափակումը, նաև մինչև պատերազմի ավարտը մի կողմ դնել Իրանի միջուկային ծրագրի քննարկումը:

Ըստ պաշտոնյայի՝ Վաշինգտոնը ցանկանում է միջուկային ծրագրի հարցը լուծել հենց սկզբում: CNN-ն էլ, հղում անելով խնդրին ծանոթ երկու աղբյուրի, գրում է, որ Թրամփը թերևս չի ընդունի առաջարկը, քանզի այդպիսով կարող է զրկվել բանակցությունների ժամանակ ազդեցության կարևորագույն լծակից:

Սպիտակ տան խոսնակը հաստատել է, որ նախագահն ազգային անվտանգության հարցերով օգնականների հետ քննարկել է Թեհրանի նոր առաջարկը: Քերոլայն Լևիթը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում նրանցից առաջ անցնել։

«Միայն կրկնեմ, որ նախագահը շատ հստակ ուրվագծել է իր կարմիր գծերը Իրանի հարցում, ոչ միայն ամերիկյան հանրության, այլև հենց իրանցիների համար», - ասել է Լևիթը:

Մինչ պարզ չէ, թե Վաշինգտոնն ինչպես կպատասխանի Թեհրանի նոր առաջարկին, Իրանի արտգործնախարարը երեկ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը նոր առաջնորդի ղեկավարությամբ կհաղթահարի փորձությունների այս դժվարին շրջանը, որին կհաջորդի խաղաղությունը: Ռուսաստանն էլ կօգնի ինչով կարող է, վստահեցրել է Պուտինը:

«Մեր կողմից մենք կանենք այն ամենը, ինչը բխում է ձեր շահերից, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից, որպեսզի խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի: Դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել դաշնակից Ռուսաստանին այս դժվարին պահին Իրանին աջակցելու համար: Հանդիպումից հետո էլ սոցցանցում գրել է, թե վերջին իրադարձությունները վկայում են Թեհրանի և Մոսկվայի «ռազմավարական գործընկերության խորության և ուժի մասին»։

Այս զարգացումներին զուգահեռ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ նիստ է հրավիրել Իրանի հարցով: Մի շարք երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին կոչ են արել ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը, որտեղով մինչև պատերազմն անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է, որ հարձակման ենթարկված Իրանը պատերազմի ժամանակ անվտանգության նպատակով կարող է սահմանափակել նավարկությունն իր ջրերում: ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ նիստից հետո հրավիրած ասուլիսին քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ պատերազմը սկսելու համար: Ամիր Սայիդ Իրավանին ասել է, որ Իրանն իրավական որևէ պարտավորություն չունի նեղուցը բացելու հարցում:

«Իրանը 1982-ի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմ չէ։ Հետևաբար՝ դրա պայմանագրային դրույթները պարտադիր չեն Իրանի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում արտացոլված որոշակի կանոնները համընդհանուր ճանաչվում են որպես միջազգային սովորութային իրավունք», - հայտարարել է իրանցի դիվանագետը:

ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, Fox News-ին ասել է, թե այն, ինչ Իրանն անում է Հորմուզի նեղուցում, համարժեք է տնտեսական միջուկային զենքի կիրառմանը ողջ աշխարհի դեմ։ Եվ իրանցիները, ըստ Մարկո Ռուբիոյի, պարծենում են դրանով։

«Նրանք Թեհրանում տեղադրում են գովազդային վահանակներ, որոնցում պարծենում են, թե ինչպես կարող են արգելափակված պահել աշխարհի էներգիայի 25 տոկոսը կամ 20 տոկոսը։ Պատկերացրեք, եթե նույն այդ մարդիկ հասանելիություն ունենային միջուկային զենքի։ Նրանք ամբողջ տարածաշրջանը պատանդ կպահեին», - նշել է Ռուբիոն:

Պարսից ծոցի երկրները, որոնք պատերազմի օրերին բազմիցս հարձակման են ենթարկվել Իրանի կողմից, այսօր հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Մասնակիցներից մեկը Reuters-ին ասել է, որ նպատակն է քննարկել, թե հետագայում ինչպես պետք է պատասխանեն Իրանի հնարավոր հարձակումներին:

Ու մինչ Ծոցի երկրները քննարկում են հետագա անելիքները, Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ դուրս է եկել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից` OPEC-ից: Մինչ այդ պաշտոնական Աբու Դաբին արաբական պետություններին քննադատել էր պատերազմի ընթացքում իրանական հարձակումներից իրեն պաշտպանելու նպատակով բավարար միջոցներ չձեռնարկելու համար։

Այս ընթացքում Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական Ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով իսրայելցի երկու զինվոր է վիրավորվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը ցանկանում է բացել Հորմուզի նեղուցը. ԹրամփԱրաբական Միացյալ Էմիրությունները լքում է OPEC-ըՌուբիո․«Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործում է որպես տնտեսական միջուկային զենք»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է արել Իրանի հարցով