Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ նավագնացության դեմ Թեհրանի «ագրեսիային» ի պատասխան, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սոցցանցում արված գրառմամբ նաև սպառնալով ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։
«Ամերիկյան ավիացիան հենց նոր հարվածներ հասցրեց իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ափամերձ ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը դարձյալ խախտելու համար։ Շատ հնարավոր է, որ նրանք երբեք չեն խրատվի,- գրել է նա, - Կարող է պահ գալ, երբ մենք այլևս չենք կարողանա ողջամիտ լինել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտին հասցնել այն գործը, որը մենք շատ հաջողությամբ սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենա»։
Ժամեր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից հետո հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող օբյեկտների նկատմամբ։ Միաժամանակ, Քուվեյթը և Բահրեյնը հայտնել են, որ իրենց օդային տարածք արկեր են ներխուժել։
ԻՀՊԿ-ից սպառնացել են՝ «հրադադարի ցանկացած խախտման» դեպքում դիվանագիտական գործընթացը կդադարի։
Մինչ այդ, նախօրեին ԻՀՊԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ իրանական ուժերը կրակ են բացել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների, ինչպես նաև ափամերձ ռադարների վրա ամերիկյան հարվածների։
Դրան նախորդել էր ԱՄՆ նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա: