Թրամփը սպառնում է իրանական սառեցված ակտիվներով փոխհատուցել թիրախավորված բեռնանավերի վնասները

Եմենի «Ադեն» նավահանգիստը, 23-ը հուլիսի, 2026թ․

Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի Իրանին։

«Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ն Իրանին պատասխանատու կհամարի, քանի որ հութիները Իրանի պրոքսին են, և խոշոր ռազմական պատիժ կհասցվի Իրանին և, իհարկե, հենց նրանց՝ հութիներին», - Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը։

Թեհրանից արտգործնախարար Աբբաս Արաղչին է արձագանքել Սպիտակ տան ղեկավարին՝ X-ում գրելով, որ ԱՄՆ վարչակազմի որոշ անդամների կողմից խրախուսվող «անմտորեն սանձազերծված ագրեսիան» միայն կհանգեցնի նրան, որ Միացյալ Նահանգների նախագահն ավելի բարձր գին կվճարի այն համաձայնագրի համար, որին ձգտում է հասնել։

Թրամփը Axios գործակալությանը հայտնել է, որ դիտարկում է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը՝ հավելելով, որ մոտ է որոշում կայացնելուն․ «Նրանք դեռ բավականաչափ ցավ չեն ստացել», - Թրամփի խոսքերն է մեջբերում Axios-ը։

Թրամփը սոցցանցում նաև հայտարարել է, որ բեռնատար նավերին հասցված «ցանկացած վնաս» կփոխհատուցվի «իրանական գումարներով»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվները՝ չհստակեցնելով, թե ինչպես է իրականացնելու դա։

Մեկնաբանելով Թրամփի մտադրությունը՝ Արաղչին հայտարարել է․ «Նրանք, որոնք տոնում են կամ շահույթ ստանում նման միջոցներից, պետք է հիշեն․ այն պահից, երբ կառավարությունները բռնագրավումը սովորական դարձնեն, ոչ ոքի ակտիվներն այլևս ապահով չեն։ Հաջորդիվ քաոսը ո՛չ գեղեցիկ կլինի, ո՛չ խաղաղ»։

Եմենի հյուսիսն ու արևմուտքը վերահսկող իրանամետ հութիներն այս շաբաթ հայտարարել են՝ ծովային շրջափակման են ենթարկում Սաուդյան Արաբիան, որը խողովակաշարերով օրական միլիոնավոր բարրելների նավթ է տեղափոխել Կարմիր ծովի նավահանգիստներ՝ շրջանցելու Հորմուզի նեղուցի իրանական շրջափակումը։

Միաժամանակ, ամերիկյան զինուժը 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է իրանական ռազմական թիրախներին։ Ահվազ քաղաքին հասցված հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, հայտնել է IRIB պետական հեռուստառադիոալիքը։

Al Jazeera-ն, հղում անելով կիսապաշտոնական Mehr գործակալությանը, գրում է, որ մայրաքաղաք Թեհրանում հակաօդային պաշտպանության համակարգերի ձայներ են լսվել։

Պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել Հորմուզի նեղուցի առափնյա Ջասկ քաղաքում, Քեշմ կղզում, ինչպես նաև նավահանգստային Բանդար Աբբասում, որտեղ, ըստ կիսապաշտոնական Fars-ի, երկու մարդ է վիրավորվել։ Այլ քաղաքներում ևս պայթյուններ են լսվել։

Reuters-ի փոխանցմամբ՝ Թեհրանի պատասխան հարվածների թիրախում գիշերը Պարսից ծոցի ամերիկյան դաշնակիցներ Քուվեյթն ու Հորդանանն են եղել։ Իրանական ուժերը հարվածել են Հորդանանում տեղակայված ամերիկյան հրթիռային համակարգերին, սպառազինությանը և վառելիքի պահեստներին, իսկ Քուվեյթում՝ ռազմական դիրքերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համաձայնագիր․ թագավորությունը հնարավորություն կունենա միջուկային ռեակտորներ կառուցելԱՄՆ-ում հետաքննում են ՌԴ-ի հնարավոր դերը Իրանի կողմից ԿՀՎ-ի օբյեկտներին հասցված հարվածներում Թրամփ․ «Ամեն անգամ, երբ Իրանը ամերիկացի զինծառայող սպանի, բազմապատիկ ավելին է վճարելու»