Թրամփը պատրաստվում է «շատ լավ գործարքներ կնքել». Պեկինը սպասում է ԱՄՆ նախագահի այցին

Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ «ավելի մեծ կայունության» հասնելու համար՝ հաստատելով, որ նախագահ Թրամփն այս շաբաթ կայցելի Չինաստան։

Սա ԱՄՆ առաջին նախագահի այցն է Պեկին 2017 թվականից ի վեր։ Սպիտակ տունը հայտարարել է, որ այն ունի «հսկայական խորհրդանշական նշանակություն» և որ Թրամփը պատրաստվում է «շատ լավ գործարքներ կնքել» ամերիկացիների համար։

Երկու գերտերությունների հարաբերություններում վիճահարույց մի շարք հարցեր կան. առևտրային սակագներից՝ մինչև Մերձավոր Արևելքի պատերազմը և Թայվանը, որը Չինաստանը համարում է իր տարածքի մաս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կմեկնի Չինաստան

Ակնկալվում է, որ նախագահներ Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից մեկ օր առաջ երկու երկրների առևտրային բանագնացները կհանդիպեն Սեուլում՝ տնտեսական հարցերի մանրամասները քննարկելու։

«Չինաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ հավասարության, հարգանքի և փոխշահավետության ոգով՝ ընդլայնելու համագործակցությունը, կառավարելու տարաձայնությունները և ավելի շատ կայունություն ու վստահություն հաղորդելու՝ այս անկայուն ու փոխկապակցված աշխարհում», -այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակը։

ԱՄՆ առաջնորդը ի սկզբանե Չինաստան պետք է այցելեր մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, սակայն նա հետաձգեց իր ուղևորությունը՝ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի վրա կենտրոնանալու պատճառաբանությամբ։