Թրամփը հերքել է, թե առաջարկել է մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային ծրագրում զիջումների դիմաց

ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, 28-ը սեպտեմբերի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է մամուլի հրապարակումները, թե առաջարկել է մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ազատել իրանական սառեցված միջոցները՝ Թեհրանի կողմից միջուկային զիջումների դիմաց։

«Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչն չեմ առաջարկել»,- իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով, որ Axios-ի հրապարակումը, ինչպես մյուս հրապարակումների մեծ մասը, խաբեություն է: «Նրանք պետք է անմիջապես հեռացնեն այդ հրապարակումը»,- հավելել է նա:

Axios-ը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների, գրել էր, որ թե Կատարի և Պակիստանի միջնորդներն աշխատում են կամուրջներ ստեղծել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ անուղղակի քննարկումները կենտրոնացած էին ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցները մեղմելու վրա՝ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու կոնկրետ քայլերի դիմաց, չնայած բանակցողները նշել են, որ երկու կողմերը դեռևս տարակարծիք են ժամանակացույցի և պարտավորությունների հաջորդականության հարցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին․ Թրամփ

CNN-ը ևս, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, թե Թրամփը պատրաստ է մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ազատել սառեցված միջոցները վերջնական համաձայնագրի շրջանակում՝ պայմանով, որ Իրանը «կոնկրետ առաջընթաց» գրանցի միջուկային ծրագիրը դադարեցնելու հարցում։

Reuters-ը հաղորդում է, որ կատարցի միջնորդները Նյու Յորքում առանձին բանակցություններ են վարում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան կողմի հետ: Ըստ գործակալության՝ բանակցությունների կենտրոնում նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Իրանի ներկայացրած առաջարկի փոփոխված տարբերակն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը և Իրանը առանձին բանակցություններ կանցկացնեն միջնորդների հետ. Reuters

Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից հետո մնում է Նյու Յորքում:

Թեհրանը հայտարարել է, որ Վաշինգտոնին փոխանցված վերջին առաջարկը հնարավորություն կտա 7 օրում վերաբացել Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը, իսկ այսօր սահմանափակ թվով նավեր են անցնում: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում ջրային այս կարևորագույն ուղին: