Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը, եթե առաջընթացի լավ հնարավորություն լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայացուցիչ կուղարկի Եվրոպայում այս շաբաթավերջին Ուկրաինայի հարցով կայանալիք բանակցություններին մասնակցելու համար, եթե հրադադարի համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի։

«Կտեսնենք՝ կմասնակցե՞նք հանդիպմանը, թե՞ ոչ», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը: «Մենք կմասնակցենք շաբաթ օրը Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, եթե կարծենք, որ լավ հավանականություն կա։ Եվ մենք չենք ուզում շատ ժամանակ վատնել, եթե կարծենք, որ այն բացասական է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ին են «ներկայացրել Ուկրաինայի հարցով խաղաղության պլանի նոր տարբերակ»

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ին են ներկայացրել խաղաղության պլանի նոր տարբերակ, որում նշվում է, թե տարածքային ինչ զիջումների է պատրաստ Ուկրաինան խաղաղության հասնելու համար, հայտնել է Գերմանիայի կանցլերը՝ չմանրամասնելով, թե որ տարածքների մասին է խոսքը:

Ֆրիդրիխ Մերցը պարզաբանել է, որ, երբ եվրոպացի առաջնորդները տեսակապով խոսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա դեռ տեղյակ չէր դրա մասին, քանզի փաստաթուղթը դեռ չէր ուղարկվել Վաշինգտոն, այն ուղարկվել է ավելի ուշ:

«Այդ առաջարկում գլխավոր հարցն այն է, թե տարածքային ինչ զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան։ Սակայն սա այն հարցն է, որին պետք է պատասխանեն առաջին հերթին Ուկրաինայի նախագահը և ուկրաինացի ժողովուրդը։ Մենք սա հստակեցրինք նախագահ Թրամփին», - ասել է Մերցը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարին առաջարկել են ամերիկյան կողմի հետ փաստաթղթերը վերջնական տեսքի բերել շաբաթավերջին: