Թրամփը հայտարարում է Գրենլանդիայի շուրջ նոր համաձայնագրի մասին

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել, ըստ որի կղզում ԱՄՆ-ը զգալի ռազմական ներկայություն կունենա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Truth Social-ում կատարած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի թշնամիները չեն կարողանա կղզում զգայուն նշանակության ներդրումներ կատարել առանց Միացյալ Նահանգների հավանության, և որ համաձայնագիրը ժամկետային սահմանափակում չունի։

«Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները միշտ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորություն՝ Գրենլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու նպատակով», - գրել է Թրամփը։

Նախագահության երկրորդ ժամկետը ստանձնելուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիայից Գրենլանդիան ձեռք բերելու իր ցանկության մասին՝ պնդելով, թե դա «չափազանց կարևոր» է ամերիկյան անվտանգության համար։

Թրամփի պնդումները, որ ԱՄՆ-ն պետք է ձեռք բերի Գրենլանդիան, լարվածություն էին առաջացրել Վաշինգտոնի և Կոպենհագենի միջև։

Լարվածությունը մեղմելու և ճգնաժամը լուծելու նպատակով՝ Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն տարեսկզբին համաձայնել էին բարձր մակարդակի դիվանագիտական բանակցություններ վարել։

Գրենլանդիայի տարածքը շուրջ 2 մլն ք/կմ է՝ մոտ չորս անգամ մեծ Ֆրանսիայից, բնակչությունը շուրջ 56,000 է, սակայն սեփական բանակ չունի. պաշտպանությունն ապահովում է Դանիայի զինված ուժերը, որը շատ համեստ ներկայություն ունի՝ կղզում մշտապես գտնվում է մինչև 150 զինվոր: Գրենլանդիայի հյուսիսում կա նաև ԱՄՆ-ն ռազմաբազա, որտեղ տեղակայված են ռադարային համակարգեր, հրթիռների արձակման նախազգուշացման և տիեզերական հսկողության համակարգեր:

Գրենլանդիան, որի 80 տոկոսը ծածկված է սառույցով, տնտեսությունն էլ հիմնականում հիմնված է ձկնորսության վրա, մեծապես կախված է Դանիայից ստացվող սուբսիդիաներից: Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը կղզու բնական պաշարների նկատմամբ: Դրանք ներառում են նաև հազվագյուտ հանքանյութեր, որոնք Թրամփի ուշադրության կենտրոնում են եղել նաև այլ երկրներում: Հանքանյութերի արդյունահանումը կարող է ավելի մատչելի դառնալ, քանզի գլոբալ տաքացման հետևանքով սառցե շերտը հալչում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարարԴանիան ժամկետային զինծառայողներ է ուղարկել ԳրենլանդիաԳրենլանդիայի հարցերով Թրամփի բանագնացը ժամանել է Նուուկ