ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը արդեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։
«Գործարքն արդեն ամբողջությամբ ստորագրված է։ Իսկ նեղուցն արդեն մասամբ բացվել է», - հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ ժամանելով Ֆրանսիա, որտեղ մասնակցում է G7-ի գագաթնաժողովին։
Համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը Ժնևում:
Հարցին, թե երբ կհրապարակվի հուշագրի տեքստը, Թրամփը պատասխանել է. «Հավանաբար շատ շուտով։ Ես կասեի՝ ուրբաթ օրվանից որոշ ժամանակ անց... Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում»։
Սենատում դեմոկրատական առաջնորդ Չաք Շումերը Դոնալդ Թրամփին կոչ է արել հրապարակայնացնել համաձայնագրի մանրամասները և դրա վերաբերյալ տեղեկացնել Կոնգրեսին։
«Ամերիկացի ժողովուրդը արժանի է մանրամասների և լիակատար թափանցիկության. ի՞նչ է իրականում թաքնված այս «փոխըմբռնման» մեջ», - հարցրել է Շումերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանն ու ԱՄՆ-ն այս շաբաթ շրջանակային համաձայնագիր կստորագրենԱյսօր ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այս «մեծ գործարքը խաղաղություն և անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին»: Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի համաձայնագրի ստորագրումից հետո, և Պարսից ծոցի նավթը կսկսի ազատ արտահանվել։
Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ համաձայնության հասնել հնարավոր է դարձել Թեհրանում միջնորդ Կատարի ներկայացուցիչների հետ երեկ մոտ 15 ժամ բանակցելուց հետո միայն: Պետական հեռուստաընկերությանը Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ համաձայնագրով «անհապաղ և մշտական հրադադար է հայտարարվում պատերազմի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում», իսկ միջուկային հարցերը կքննարկվեն ստորագրմանը հաջորդող 60-օրյա ժամկետում, հավելել է նա։
Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մաս են: Համաձայնագիրը կայուն չի լինի, եթե Լիբանանի անվտանգությունը վտանգված լինի, զգուշացրել է Էսմայիլ Բաղային: Այս համաձայնագիրը ոչ մի դեպքում չի նշանակում, որ Թեհրանը կմոռանա կամ կների իրանցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները, հավելել է նա:
Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ն ողջունել է համաձայնագիրը՝ նշելով, որ Լիբանանի ներառումն արտացոլում է Իրանի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու հարցում: