Թրամփը հայտարարել է՝ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն են սկսել, կոչ արել վայր դնել զենքերը

ԱՄՆ նախագահը քիչ առաջ հայտարարել է, որ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, կոչ արել ԻՀՊԿ-ին վայր դնել զենքերը:

«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները», - ասել է նա իր տեսաուղերձում:

Այսօր առավոտյան Իսրայելը հայտնեց, որ հարվածել է Իրանին:

Պայթյուններ են հնչել երկրի տարբեր հատվածներում:

Թրամփը շեշտել է՝ իրանական ռեժիմը շատ դաժան, սարսափելի մարդկանց չար խումբ է: Նա կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը՝ խոստանալով, որ նրանց հետ կվարվեն արդարացիորեն և լիակատար անձեռնմխելիությամբ, իսկ հակառակ դեպքում նրանց մահ է սպառնում:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը մի շարք բանակցություններ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Դրանցից վերջինը տեղի է ունեցել հինգշաբթի օրը և հաջողությամբ չի պսակվել։

«Իրանը հրաժարվել է, ինչպես և տասնամյակներ շարունակ։ Նրանք մերժել են իրենց միջուկային հավակնություններից հրաժարվելու ցանկացած հնարավորություն, և մենք այլևս չենք կարող դրա հետ հաշտվել», - հայտարարել է Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է