ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունները «կարծես թե բավականին լավ են ընթանում»՝ հերթական անգամ դրական բնութագրելով Իրանի պատերազմն ավարտելուն միտված քննարկումները, թեև պաշտոնական Թեհրանից չեն հաստատում, թե բանակցություններ էին նախատեսվում Վաշինգտոնի հետ։
«Լսել եմ, որ շատ լավ են անցնում», - ասել է Թրամփը Fox News-ի թղթակից Թոմ Դուրյանի հետ հարցազրույցում։
«Ես նպատակ չունեմ մարդկանց սպանել և լիովին կործանել ամեն ինչ, և մենք հենց այդ ուղղությամբ էինք շարժվում։ Եվ նրանք ցանկանում էին բանակցել, և մենք դա ենք անում, և կարծես թե բավականին լավ է ընթանում», - իր խոսքում նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Նախագահ Թրամփը նախօրեին պնդել էր, թե երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» են անցկացվել՝ միաժամանակ սպառնալով Իրանին «շատ կոշտ» հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։
Անդրադառնալով համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի ճգնաժամին՝ նա վստահեցրել էր, որ ջրային ուղին շուտով բաց է լինելու նավարկության համար։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ երեկ հայտարարեց, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման շուրջ բանակցությունների արդյունքում՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը։
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և կարծում եմ, որ գործարք կարող է կնքվել այսօր կամ վաղը», - CNBC-ին տված հարցազրույցում ասել էր Բեսենթը՝ առանց մանրամասներ հաղորդելու: Թեհրանից դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
Այդուհանդերձ, օգոստոսի 3-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր՝ Իրանը ներկայումս բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ։
«Այս օրերին ոչ նախատեսվում է ընդունել ամերիկյան պատվիրակություն, ոչ էլ իրանական պատվիրակություն ուղարկել ԱՄՆ», - ասել էր Բաղային:
Փոխարենը Թեհրանը Օմանի հետ բանակցություններից է խոսում։ Ըստ Բաղայիի երեկ արված հայտարարության՝ երկու երկրները համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նավային երթուղու աշխարհագրական կոորդինատները:
Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին վերհաստատել է Թեհրանի դիրքորոշումը, որ Իրանը որևէ օտարերկրյա միջամտություն Հորմուզի նեղուցում չի հանդուրժի՝ նշելով, որ նեղուցի վերաբերյալ ցանկացած համաձայնություն պետք է ձեռք բերվի բացառապես Իրանի և Օմանի միջև, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։