ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է երկարաձգելուն Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որի լրանալուն մեկ օր է մնում:
«Ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը,- CNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա, - Մենք այդքան ժամանակ չունենք»:
Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնն այժմ «բանակցային շահեկան դիրքեր ունի և ի վիճակի է շատ լավ գործարք կնքել»։
Բանակցությունների հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Սպիտակ տան առաջնորդը պնդել է, որ Իրանը պատվիրակություն կգործուղի Իսլամաբադ, չնայած Թեհրանից չեն հստակեցնում՝ կգործուղե՞ն, թե՞ ոչ։
«Երբ ասացին, որ չեն ուղարկի, ես ասացի՝ կուղարկեն։ Այլ տարբերակ, քան ուղարկելն է, չունեն։ Իմ կարծիքով՝ շատ լավ գործարք ենք կնքելու», - ասել է նախագահ Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե մոտակա ժամանակում գործարք չկնքվի։
«Ես ակնկալում եմ, որ կլինեն ռմբակոծություններ, որովհետև կարծում եմ՝ այդպես մոտենալն ավելի ճիշտ է։ Բայց մենք պատրաստ ենք գործելու։ Ի վերջո, զինված ուժերը ոգևորված սպասում են՝ գործողության անցնելու», - ասել է նախագահը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ դեռ պարզ չէ՝ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն Իսլամաբադում՝ ավարտելու պատերազմը: Ամերիկյան մամուլը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահը Պակիստան կմեկնի այսօր:
Մինչ այդ, իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ անգամ տեխնիկական թիմի աշխատակիցներ չեն մեկնել Իսլամաբադ: