Թրամփն ասել է, որ կարող է ստիպված լինել «ոչնչացնել» Իրանի մնացած մասը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, 5-ը նոյեմբերի, 2026թ. Վաշինգտոն, ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կարող է ստիպված լինել «ոչնչացնել» Իրանի մնացած մասը, որը չի տուժել նախորդ ամիսներին երկրի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով:

Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփն ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո Թեհրանից մոտ 25 տարի կպահանջվի դրանց վերականգնման համար։

«Ես կնախընտրեի չոչնչացնել երկրի մնացած մասը, եթե դա հնարավոր լինի, բայց գուցե ստիպված լինեմ դա անել: Դուք դրա մասին կիմանաք շուտով»,- ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանն էական փոփոխություն չի ակնկալում ԱՄՆ ընտրություններից հետո

ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանը չի կարող որևէ բան անել իր միջուկային ծրագրի հետ կապված՝ առանց ԱՄՆ-ի համաձայնության։

«Նրանք ոչինչ չեն անում առանց մեր համաձայնության»,- Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով Իրանին միջնորդների կողմից նրա միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ արված մի շարք առաջարկների վերաբերյալ հարցին։

Reuters-ը հաղորդում է, որ Իրանը միջնորդ Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկները, որը պետք է քննարկվի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրան յոթ պահանջները: Ըստ գործակալության՝ Վաշինգտոնը հիմա քննարկում է այդ առաջարկները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հանրապետականների պարտության պատճառն Իրանի դեմ պատերազմն էր. Վենս

Իրանի պահանջները ներառում են ռազմական գործողությունների լիակատար դադարեցում ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև, այլև Լիբանանում, իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացում, Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերացում:

Իրանը նաև պահանջում է, որպեսզի արտասահմանում սառեցված իրանական ակտիվներն ապասառեցվեն, տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատվի, պատերազմի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցում տրվի և դադարեցվեն Իրանի տարածքի նկատմամբ ամերիկյան հարձակումները։