Թրամփի տնտեսական պատժամիջոցները կհանգեցնեն հետագա պարտությունների. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի դեմ տնտեսական ամենախիստ պատժամիջոցների մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը ընդամենը փորձ է՝ շեղելու ուշադրությունը ԱՄՆ-ում առկա ճգնաժամից, հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ այս քայլով Դոնալդ Թրամփը նպատակ ուներ շեղել ուշադրությունը ԱՄՆ-ի ունեցած «աննախադեպ պարտքից և կտրուկ աճող տոկոսադրույքներից»։

«Այս ձախողված քաղաքականության շարունակումը միայն կհանգեցնի հետագա պարտությունների, ինչպես նաև իրանցիների կողմից թշնամանքի։ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում», - գրել է նա։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե ոչ ոք Իրանին գործարք կնքելու ավելի մեծ հնարավորություն չի տվել, քան ինքը: Ապա նշել, թե ցավալիորեն Թեհրանը չի օգտվել այդ հնարավորությունից: «Հետևաբար, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված տնտեսական ամենակործանարար գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», - գրել էր նա։

Թրամփը նաև զգուշացրել էր՝ ցանկացած երկիր, որը «որևէ կերպ կաջակցի Իրանին», կբախվի տնտեսական լուրջ հետևանքների։ «Ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, բիզնեսներին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին որևէ տեսակի աջակցություն տրամադրել Իրանին, կբախվի հսկայական տնտեսական հետևանքների», - Truth Social սոցիալական էջում գրել էր Սպիտակ տան ղեկավարը՝ չհստակեցնելով, թե ԱՄՆ-ն ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի այդ երկրների դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հսկայական տնտեսական հետևանքներ». Թրամփը զգուշացրել է Իրանին աջակցող երկրներինFinancial Times. «Իրանը դիտարկում է Եվրոպային հարվածների հնարավորությունը»Թրամփը հայտնում է՝ Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում, Թեհրանից էլ զգուշացնում են ԱՄՆ-ինՀորմուզի նեղուցը փակ կմնա մինչև ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պահանջների կատարումը. ՂալիբաֆԷրդողանը Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ լարվածությունը՝ կոչ անելով շարունակել բանակցությունները