ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներքաղաքական բովանդակությամբ ուղերձով դիմել է ամերիկացի ժողովրդին։
25 րոպե տևած ուղերձի առանցքում ԱՄՆ ընտրությունների անվտանգությունն էր և այդ ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությություններին ընդառաջ։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է փաստաթղթեր գաղտնազերծել, որոնք ցույց են տալիս, թե 2020 թվականի նախագահական ընտրության ժամանակ, որում Թրամփը պարտվեց Ջո Բայդենին, Չինաստանը գաղտնի կերպով ընտրողների 220 միլիոն ֆայլ է ձեռք բերել, որտեղ անուններ, հասցեներ և այլ տվյալներ են եղել։
Թրամփն այս ելույթում ևս պնդել է, թե Բայդենի հաղթանակը կեղծված էր։
Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզությունը միտումնավոր թաքցրել է Չինաստանի գործողությունների մասին տեղեկությունները։
Ըստ ԱՄՆ հետախուզության գաղտնազերծած 2021 թվականի զեկույցի՝ ապացույցներ չկան, որ որևէ օտարերկրյա սուբյեկտ փորձել կամ կարողացել է փոփոխել 2020 թվականի նախագահական ընտրությունների քվեարկության «որևէ տեխնիկական մաս», ներառյալ՝ ընտրողների գրանցումը, քվեաթերթիկները, ձայների հաշվարկը կամ արդյունքները։
Նախագահ Թրամփի նոր մեղադրանքները Պեկինի հասցեին կարող են սասանել երկու երկրների կայունացած հարաբերությունները, գրում է Reuters-ը։ Թրամփը մայիսին այցելել էր Պեկին, հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և հայտարարել՝ «Չինաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերություններն ավելի լավն են լինելու, քան երբևէ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփ․Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի լավն են լինելու, քան երբևէՈւղերձից առաջ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության խոսնակը հավաստիացրել էր, որ «Չինաստանը երբևէ չի միջամտել և չի միջամտի ԱՄՆ նախագահական ընտրություններին»։
Թրամփը վերստին խոսել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք կխստացնեն քվեարկությանը մասնակցելու կարգը։
Իրանի պատերազմի վերաբերյալ Թրամփի ասելիքը հակիրճ էր։ Նա պնդել է, թե Միացյալ Նահանգները հաղթում է պատերազմում։