Թրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։

Թրամփն այս հայտարարությունն արել է Անկարայում՝ Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Թեհրանը նոր հարձակումներ իրականացրեց Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Իր ելույթում Թրամփը ասաց, որ Իրանի ղեկավարները «ստախոսներ ու խաբեբաներ են»:

Իրանն էլ հայտարարել էր, որ թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում տանկերների վրա իրականացված հարձակումների։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա նոր հարձակումները «բացարձակապես անհրաժեշտ» էին։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասն էլ ավելի ուշ X-ում գրեց.- «ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխհրաձգությունները ավելի են բարդացնում արդեն իսկ լարված բանակցությունները՝ պատերազմին վերջ տալու նպատակով։ Իրանի հարձակումները Բահրեյնի և Քուվեյթի վրա անընդունելի են»։

Իրանի խորհրդարանի խոսնակն ու գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ մեղադրել է ԱՄՆ-ին՝ հրադադարի համաձայնագիրը խախտելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել է

Անցյալ ամիս Միացյալ Նահանգների և Իրանի նախագահներն ու միջնորդ Պակիստանի վարչապետը հեռակա կարգով ստորագրել էին շրջանակային համաձայնագիրը, որը դադարեցնում էր հազարավոր կյանքեր խլած և աշխարհին միլիարդավոր դոլարների վնաս պատճառած 110-օրյա պատերազմը:

Թրամփն այժմ հայտարարել է, որ այդ համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ:

«Ինձ համար, կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է։ Ես այլևս չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք ստոր մարդիկ են»,- ասել է Թրամփը։

«Նրանք հիվանդ մարդիկ են։ Նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ։ Նրանք դաժան, բռնի մարդիկ են, և եթե նրանք միջուկային զենք ունենային, կօգտագործեին այն։ Ինձ համար այս հարցն ավարտված է»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Թրամփը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունները կարող են շարունակվել, սակայն հավելել է. «Ինձ համար նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի վատնում է։ Նրանք ստախոսներ են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուշեր նահանգի հարավում ԱԹՍ է խոցվել. ISNAԻրանից հայտնում են՝ ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամԱՄՆ-ը հարվածել է Իրանին, Թեհրանն էլ՝ Պարսից ծոցում ամերիկյան օբյեկտներին