«Տպավորիչ» ելույթ՝ խմբագրված «Արցախի» ներքո. գեղասահորդ զույգը աշխարհի առաջնության  եզրափակչում է

«Տպավորիչ ու հրաշալի մեկնարկ». այսպես արձագանքեցին մարզական մեկնաբանները, երբ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը երեկ Պրահայում բացեց Աշխարհի գեղասահքի առաջնության զույգերի կարճ ծրագիրը։

Գեղասահորդները կրկին ներկայացան Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն անունը դարձյալ չգրվեց, ենթագրերում ստեղծագործությունը ներկայացվեց՝ որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»։

«Արցախ»-ը խմբագրվեց նաև փետրվարին՝ Միլանում, օլիմպիական ելույթի ժամանակ. Բաքվի բողոքից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ տվեց, որ զույգը ելույթ ունենա այդ ստեղծագործությամբ՝ առանց անվանումը հնչեցնելու: Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն պնդել էր, թե երաժշտությունը «քաղաքականապես լարված և անջատողական է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անունը չգրվեց, բայց «Արցախը» հնչեց. Ակոպովա-Ռախմանին զույգը՝ օլիմպիական սառույցին

Միջազգային մրցաշարերում լարված ու էմոցիոնալ վայրիվերումներով անցած զույգը բոլոր զգայական պահերը թողել է անցած օլիմպիադայում, իրենց մարզական կյանքի առաջին աշխարհի առաջնությունում փորձում են վայելել պահը։

«Օլիմպիադայից հետո, անկեղծ ասած, սկզբնական շրջանում դժվար էր պատրաստվել աշխարհի առաջնությանը, քանի որ էմոցիոնալ առումով ինքներս մեզ ամբողջությամբ թողել էինք օլիմպիադայում։ Բայց դա երևի լավ էր, քանի որ այստեղ արդեն էմոցիաներ չեն մնացել, խուճապ չկա, ամեն ինչ հետևում է մնացել, և մեզ մնում է միայն վայելել այստեղ լինելու երջանկությունը», - ասում է Կարինա Ակոպովան։

Չեխիայում անցկացվող աշխարհի առաջնությունում սպորտային զույգի ելույթը պակաս էմոցիոնալ էր, առանց լուրջ վրիպակների, նրանց հաջողվեց գերազանցել իրենց օլիմպիական ցուցանիշը՝ 67.12 միավորով անցնել եզրափակիչ փուլ։ Այսօր երեկոյան նրանք արդեն կսահեն ազատ ծրագրում՝ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի հնդկական հնչյունների ներքո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը

Օլիմպիական փորձառությամբ զույգին Հայաստանի մեծ եռագույնով տրիբունաներից աջակցող երիտասարդ Սեմյոն Դանիլյանցն ընթացող առաջնությունում այսօր բացեց տղամարդկանց մենասահքի կարճ ծրագիրը։

Հայաստանը ներկայացնող 19-ամյա մենասահորդը ևս հաջող ելույթ ունեցավ՝ վաստակելով 70.94 միավոր։

Ավելի վաղ՝ հունվարին, հենց այս եռյակը զրկվել էր Անգլիայում անցկացված Եվրոպայի առաջությանը Հայաստանը ներկայացնելու հնարավորությունից՝ մուտքի վիզան ժամանակին չստանալու պատճառով։

Այս փաստը երեկվա ելույթի ընթացքում հիշատակեց անգամ մարզական մեկնաբանը։