Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:
Հայաստանյան մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են, փոխանցում է ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Ռուսաստանը վերջին շաբաթներին նորանոր տնտեսական սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ արգելելով մի շարք հայկական ապրանքատեսակների մուտքն իր շուկա։ Հայկական շուրջ հարյուր բեռնատարներ օրեր շարունակ կանգնած են Ռուսաստանի սահմանին։
Պաշտոնական Մոսկվան և Եվրասիական տնտեսական միության անդամ 4 պետությունները ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև։