Տուսկը Ռուսաստանին մեղադրում է իր հակառակորդներին աջակցելու մեջ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ, արխիվ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեկ ժողովրդին է դիմել երկրում քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, որի պատճառը Սահմանադրական տրիբունալի շուրջ սրված վեճն է:

Վերջին օրերին Վարշավայում տեղի ունեցող իրադարձությունները Տուսկն անվանել է «Լեհաստանում իրավունքի գերակայության ավերման հերթական փուլ» և դրա համար մեղադրել է «Իրավունք և արդարություն» կուսակցությանը, երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիին ու նախագահի պաշտոնում նրա նախորդ Անջեյ Դուդային:

Ըստ վարչապետի՝ իրավիճակն ապակայունացնում են օտարերկրյա շահագրգիռ ուժերը, մասնավորապես՝ Ռուսաստանը: «Այսօր այս հակամարտությունում նրանք օգտվում են համացանցում ռուսաստանյան բոտերի բանակի աջակցությունից: Ավելին՝ նրանք նույնիսկ արժանացել են հրապարակային գովասանքների Կրեմլի գլխավոր գաղափարախոսի կողմից», - իր ընդդիմախոսների մասին ասել է Տուսկը:

Նավրոցկիին նա մեղադրել է, թե նախագահն սկզբում չի ընդունել Սահմանադրական տրիբունալի նոր դատավորների երդումը, իսկ երբ վերջիններս, հոգնելով սպասելուց, անցել են աշխատանքի, «նրանց հարձակման են ենթարկել»:

Տուսկը պնդել է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող իր «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության պատգամավորների հետ քանիցս փորձել են լուծել Սահմանադրական տրիբունալի հետ կապված հարցերը, սակայն բոլոր փորձերն արգելափակվել են «Իրավունք և արդարություն» կուսակցության ու նախագահ Նավրոցկիի կողմից:

Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր, նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին, ով նախկինում ներկայացրել է «Իրավունք և արդարություն»-ը, բայց այս տարի լքել է այդ կուսակցությունը, երեկ խորհրդարանին առաջարկել է անվստահություն հայտնել Տուսկի կառավարությանը:

Ուրբաթ օրը Սահմանադրական տրիբունալի դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկայան պարտականությունների կատարումից հեռացրել է տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկիին և նրա տեղակալ Բարտոլոմեյ Սուխանսկիին ու ստանձնել է նախագահի պարտականությունները: Նա ոստիկանություն է կանչել, և տրիբունալի շենքը, որի մոտ հարյուրավոր ցուցարարներ էին հավաքվել, շրջափակվել է:

Երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, թե տեղի է ունեցել «սահմանադրական կարգի խախտում» և Սահմանադրական տրիբունալի «բռնազավթում»:

Սահմանադրական տրիբունալի շուրջ բազմամյա վեճերը Լեհաստանում սրվել են հոկտեմբերի կեսերից: Դրանք կապված են նախորդ գումարման լեհական խորհրդարանում մեծամասնություն կազմած «Իրավունք և արդարություն» կուսակցության և վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության միջև հակասությունների հետ:

Տուսկի կառավարությունը հակասահմանադրական է համարում տրիբունալի կազմում այն դատավորների առկայությունը, որոնք անցել են «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարման օրոք, և չի ճանաչում բարձր ատյանի որոշումները: Այդ դատավորները, իրենց հերթին, չեն ճանաչում Տուսկի օրոք նշանակված դատավորներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանի նախագահը հայտարարում է Սահմանադրական տրիբունալի բռնազավթման մասին