Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը հայտարարում է Սահմանադրական տրիբունալի բռնազավթման մասին

Լեհաստան - Բողոքի ակցիան Սահմանադրական տրիբունալի շենքի դիմաց, Վարշավա, 30-ը հոկտեմբերի, 2026թ.
Լեհաստան - Բողոքի ակցիան Սահմանադրական տրիբունալի շենքի դիմաց, Վարշավա, 30-ը հոկտեմբերի, 2026թ.

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, թե այս գիշեր տեղի է ունեցել «սահմանադրական կարգի խախտում» և Սահմանադրական տրիբունալի «բռնազավթում»: Նախօրեին նա ընդհատել է այցը Սենեգալ՝ տրիբունալի նախագահի և նրա տեղակալի պաշտոնանկության պատճառով:

«Լեհաստանի ներքին անվտանգությանը սպառնալիքի կապակցությամբ ես այսօր հրավիրում եմ հրատապ խորհրդակցություններ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ՝ հասնելու քաղաքական իրավիճակի կայունացմանը և սահմանադրական կարգի վերականգնմանը», - ասել է Նավրոցկին:

Ուրբաթ օրը Սահմանադրական տրիբունալի դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկայան պարտականությունների կատարումից հեռացրել է տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկիին և նրա տեղակալ Բարտոլոմեյ Սուխանսկիին ու ստանձնել է նախագահի պարտականությունները: Նա ոստիկանություն է կանչել, և տրիբունալի շենքը, որի մոտ հարյուրավոր ցուցարարներ էին հավաքվել, շրջափակվել է:

Սենեգալ թռչող նախագահի օդանավը հետադարձ է կատարել Իսպանիայի երկնքում: Նավրոցկին ժամանել է տրիբունալի շենք և մնացել այնտեղ մինչև այսօր վաղ առավոտ:

Սահմանադրական տրիբունալի շուրջ բազմամյա վեճերը Լեհաստանում սրվել են հոկտեմբերի կեսերից: Դրանք կապված են նախորդ գումարման լեհական խորհրդարանում մեծամասնություն կազմած «Իրավունք և արդարություն» կուսակցության և վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության միջև հակասությունների հետ:

Տուսկի կառավարությունը հակասահմանադրական է համարում տրիբունալի կազմում այն դատավորների առկայությունը, որոնք անցել են «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարման օրոք, և չի ճանաչում բարձր ատյանի որոշումները: Այդ դատավորները, իրենց հերթին, չեն ճանաչում Տուսկի օրոք նշանակված դատավորներին: Այս տարի ավելի վաղ Նավրոցկին հրաժարվել էր երդման բերել խորհրդարանի առաջադրած վեց դատավորներից երեքին:


​
XS
SM
MD
LG