Դոնալդ Տուսկը խորհրդակցություն է հրավիրել՝ Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հասցված զանգվածային հրթիռային հարվածի ընթացքում խախտել է Լեհաստանի օդային տարածքը։

«Ռուսաստանի կողմից Արևմտյան Ուկրաինային հասցված զանգվածային հրթիռային հարվածի ընթացքում խախտվել է Լեհաստանի օդային տարածը։ Այդ կապակցությամբ ես հրավիրել եմ համակարգող խմբի նիստ՝ պաշտպանության նախարարի և համապատասխան ծառայությունների մասնակցությամբ, որոնք արդեն բազմաթիվ ժամեր աշխատում են դեպքի վայրում և պարբերաբար ինձ տեղեկացնում են միջադեպի բոլոր հանգամանքների մասին», - X-ում գրել է Դոնալդ Տուսկը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ անցած գիշեր, երբ Ռուսաստանը լայնածավալ հարձակում էր իրականացնում Ուկրաինայի տարածքի վրա, ռուսական X-101 թևավոր հրթիռը հատել է Լեհաստանի սահմանը՝ դրանով իսկ խախտելով ՆԱՏՕ-ի օդային տարածքը։

Սիբիգան տեղի ունեցածը ևս մեկ ապացույց է անվանել նրանում, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը կարևոր է ոչ միայն ուկրաինացիների, այլև եվրոպացիների պաշտպանության համար։

Պաշտոնապես Վարշավան առայժմ չի հաստատել, թե կոնկրետ ինչ օբյեկտ կարող էր խախտել երկրի օդային տարածքը։ Հաղորդվել է միայն, որ հետաքննություն է իրականացվում։

Լեհաստանը որպես «կանխարգելիչ միջոց» օդ է բարձրացրել կործանիչներ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված զանգվածային հարձակման պատճառով, որը ներառել է նաև արևմտյան Լվովի մարզը։


Տուսկը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ ռազմական գործողությունները Ուկրաինայում կշարունակվեն առնվազն մինչև գալիք ձմեռ։

«Այս մասին ես զրուցել եմ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի և նախագահ Զելենսկու հետ։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, քիչ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում հնարավոր լինի հրադադարի կամ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություններ ձեռք բերել»,- նշել էր Լեհաստանի վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տուսկ․ «Ուկրաինայում տեսանելի ապագայում խաղաղություն չի լինի»