Թումանյանում և Լերմոնտովոյում ՔՊ-ի թեկնածուներն ընտրվեցին՝ առանց մրցակցի

Թումանյան խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Թումանյանն ընտրվեց առանց անակնկալների, քանի որ քվեաթերթիկում միայնակ էր՝ առանց մրցակցի:

Գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը ստացավ ձայների 95 տոկոսը։ 4200 ընտրողների ավելի քան 60 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, և ընդամենը 132 մարդ դեմ արտահայտվել նրա վերընտրվելուն։

Ընտրական ակտիվության պատկերը խայտաբղետ է՝ ամենափոքր գյուղում՝ Շամուտում, տեղամաս է գնացել ընտրողների 75 տոկոսը, Դսեղում՝ 70-ը, իսկ Լորուտում գրանցվել է ամենացածր ցուցանիշը՝ ընդամենը 37,5 տոկոս։

Նախընտրական շրջանը Թումանյանում անցավ լռության մեջ․ ընտրությունների մասին հիշեցնում էին միայն տեղամասերի պատուհաններին փակցված ցուցակները։ Բնակիչներից ոմանք տեղյակ էլ չէին, որ ավագանի են ընտրում։

Հատկանշական է, որ Սուրեն Թումանյանը 2021-ին ընտրարշավ էր մտել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով և ՔՊ-ի միակ մրցակիցն էր, իսկ այս անգամ առաջնորդեց հենց իշխող ուժի ցուցակը։

Ընտրությունների գիշերը Լոռու մարզպետն արդեն համայնքապետի աշխատասենյակից շնորհակալություն հայտնեց ընտրողներին և խոստացավ շարունակել աշխատանքը «նույն տեմպով»։

Թեև խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը խոստանում էր ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին տեղերում իշխանության դիրքերը թուլացնելու համար, Թումանյանում այդպես էլ մրցակից չառաջադրեց։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հաջորդ տարի Թումանյանը նախատեսվում է միավորել Ալավերդի համայնքին, որտեղ հերթական ընտրությունները սպասվում են 2027 թվականին։ 2022-ին Ալավերդիում հաղթել էր ընդդիմադիր «Ապրելու երկիրը», սակայն մեկ տարի անց ՔՊ-ն աղմուկով անվստահություն հայտնեց գործող ղեկավարին և համայնքի ղեկավար ընտրեց իր թեկնածուին՝ Դավիթ Ղումաշյանին։ Թե ՔՊ-ին որքանո՞վ կօգնի Թումանյանում երեկ ստացած 95 տոկոսանոց քվեն, պարզ կդառնա հետագայում։

Կիրակի ընտրություններ էին նաև ռուսաբնակ Լերմոնտովոյում։ Ազգային փոքրամասնությամբ բնակեցված լինելու պատճառով այստեղ համայնքը չի խոշորացվել, և համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվեց մեծամասնական ընտրակարգով։ Մասնակցությունը ցածր էր՝ ընդամենը 35 տոկոս: Միակ թեկնածուն՝ ՔՊ-ի աջակցությունը վայելող Էդիկ Չախալյանը, որը համայնքը ղեկավարում է արդեն 29 տարի, ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության թվեն․նրան դեմ է քվեարկել ընդամենը 7 մարդ։

Մեկ ամսից ընտրություններ են նաև հանրապետության 19 համայնքներում, մեծ մասում՝ առանց լուրջ մրցակցության: Խորհրդարանական ընդդիմությունից «Ուժեղ Հայաստանը» առաջադրվել է միայն Ստեփանավանում, «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունը Մարտունի, Արտաշատ, Հրազդան, Ծաղկաձոր համայնքներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ ենՉնայած խոստմանն՝ «Ուժեղ Հայաստանը» նահանջեց. 19 համայնքից մեկի ընտրությանը կմասնակցեն Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըԸնդդիմադիր ուժերը պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին․ քննարկվում են նաև դաշինքներ