Տուլայում մահափորձ է իրականացվել անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ռուսական օդային տրանսպորտի լաբորատորիա» ընկերության ղեկավար Անդրեյ Չերեզովի նկատմամբ, հայտնել են տելեգրամյան ալիքները, իսկ ավելի ուշ տեղեկությունը հաստատել են ՏԱՍՍ-ը և ռուսական այլ պետական լրատվամիջոցներ։
Ըստ հաղորդումների՝ անհայտ անձը գիշերը բնակելի շենքի մուտքում երեք անգամ կրակել է Չերեզովի ուղղությամբ։ «Տուժածին շտապ հոսպիտալացրել են, այժմ բժիշկները նրան բուժօգնություն են ցուցաբերում», գրել է ՏԱՍՍ-ը։
Կրակողին որոնում են, հարուցվել է քրեական գործ։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Տուլայի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքում գործարարի սպանության փորձ է տեղի ունեցել, սակայն տուժածի անունը չի հրապարակել։ Քննությունը դիտարկում է տարբեր վարկածներ, այդ թվում՝ մահափորձի հնարավոր կապը Չերեզովի մասնագիտական գործունեության հետ։
«Ռուսական օդային տրանսպորտի լաբորատորիա» ընկերությունը հիմնադրվել է 2022-ին և զբաղվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ։ Չերեզովը դրա հիմնադիրն ու տնօրենն է։
Ավելի վաղ, ըստ հրապարակումների, ընկերությունը շուրջ 29,7 միլիոն ռուբլու պայմանագրեր էր ստացել ուսումնական հաստատություններին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Բացի այդ, ընկերությունը մշակում և արտադրում է «Օվոդ» FPV անօդաչու սարքերը, որոնք ռուսական զորքերն օգտագործում են Ուկրաինայի դեմ պատերազմում։
ԵՄ-ն օրեր առաջ ընկերությունը ներառել էր պատժամիջոցների ցանկում՝ նշելով, որ դրա մշակած անօդաչու սարքերն օգտագործվել են Ուկրաինայի դեմ ռազմաճակատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացահայտել է ՌԴ-ի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս գեներալի նկատմամբ, որը պարծենում էր ռազմագերիների խոշտանգումներովԵՄ պատժամիջոցներից հետո Դվորկովիչը ժամանակավորապես հեռացել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնիցԵՄ-ն ընդունել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ամենաընդարձակ փաթեթըԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է պատրիաք Կիրիլին, Մեդինսկուն և մի շարք ղեկավարների