Տուլայի մարզի գործարաններից մեկում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել

Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ դեկտեմբերի 24-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մարզի ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Միլյաևի խոսքով՝ կրակը մեկուսացվել է, և ոչ ոք չի տուժել:

Դմիտրի Միլյաևը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որ ձեռնարկությունն է հարձակման ենթարկվել անօդաչու թռչող սարքերով: Ուկրաինական Telegram ալիքները՝ Exilenova+ և Supernova+, հաղորդում են, որ խոսքը «Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանի» մասին է: ASTRA Telegram ալիքը տեղորոշել է տեղի բնակիչների կողմից նկարահանված կադրերը և եզրակացրել, որ հրդեհը բռնկվել է գործարանի մոտակայքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 24-ի գիշերը խոցվել է 172 անօդաչու թռչող սարք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զապորոժիեում ռուսական ավիահարվածի հետևանքով կան վիրավորներ

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով էլ՝ դեկտեմբերի 24-ի գիշերը Զապորոժիեում ռուսական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ։ Վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ ռուսական ուժերը իրականացրել են առնվազն երեք ավիահարված։ Վնասվել է առնվազն 13 բնակելի շենք, թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել: