«Թող 8 մլն-ով տուն գնեն, մեզ տան, կարո՞ղ են, չնչին գումար է». Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները՝ խոստումների հետևից

Վարդաշենի բնակիչների բողոքի ակցիան կառավարության մոտ, օգոստոսի 20,2026թ.

Վարդաշեն թաղամասի վեցերորդ փողոցի բնակիչները Երևանի քաղաքապետին հավատալով նրան ընտրել ու երեք տարի սպասել են, որ խոստումը կկատարի. փլվող հանրակացարաններից իրենց դուրս կհանի ու կտեղավորի ապահով տանիքի տակ։

«Տարիներ առաջ պարոն Ավինյանը, որ նոր պետք է նստեր գահին, ասեց՝ ասեք ես կանեմ: Ո՞ւր է պարոն Ավինյան ասածդ», «Այո, ընտրությունների հենց դեմերը գալիս էր, արդեն իրենք գլուխ էին բարձրացնում։ Հիմա իրենց էլ ընտրել ենք, հիմա ի՞նչն է խնդիրը», «Ասեց, որ ես ձեզ խոստանում եմ՝ տարի վեց ամիս հետո դուք կտարհանվեք, դուք նոր տնով կապահովեք։ Տարի ու կեսն էլ անցավ, երեք տարին էլ անցավ»,- ասում են Վարդաշենի բնակիչները:

Երեք տարի անց գործող իշխանությունը մոտ 8 միլիոն դրամ է առաջարկում նրանց նոր բնակարան գնելու համար, բնակիչները, սակայն, ասում են.- «Թող իրենք այդ գումարով մեզ տուն առնեն, հատկացնեն, տեսնենք հլը կարո՞ղ են առնել։ Դա շատ չնչին գումար է»:

Չորրորդ կարգի վթարային շենքերում մոտ 180 բնակարան կա, հարյուրավոր բնակիչներ են ապրում, երեխաներ, տարեցներ։ Օգոստոսի վեցին կառավարությունը գերակա շահ է ճանաչել այդ փլվող շենքերը։ Այդ որոշմամբ նվազագույնը 7 միլիոն 800 հազար դրամ փոխհատուցում են հատկացնում, որ մարդիկ գլխի ճարը տեսնեն։ Ըստ բնակիչների՝ սա վերաբերում է ամենափոքր 14 քառակուսի մետրանոց բնակարաններին, որ ամենաշատն են այս շենքերում։

Բնակիչները մոլորված են, այդ գումարով որտե՞ղ տուն գնեն։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, օրինակ, Էրեբունի վարչական շրջանում, որի ծայրամասային թաղամասում են այս վթարային շենքերը, բնակարանի մեկ քառակուսի մետրը մոտ 481 հազար դրամ է։ Պետության հատկացրած գումարը կբավարարի 16 քառակուսի մետր բնակարանի համար։ Հանրակացարանում շատ բնակիչներ 14 քառակուսի մետր տարածքում են ապրում, դեմ չեն, որ նույն չափի բնակարան լինի, բայց պահանջում են, որ կառավարությունը գտնի ու գնի, ասում են.- «Այդ իրենց տված գումարով ռայոններում էլ չեք կարող տուն առնել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային շենքերի բնակիչները շարունակում են պահանջել տարհանել իրենց

Ավելի մեծ քառակուսի մետր բնակարան ունեցողներն այս 8 միլիոնի հաշվարկով ենթադրում են, որ իրենց դեպքում էլ փոխհատուցումը չի լինի այնքան, որ կարողանան Երևանի ծայրամասերում այսօրվա գներով տուն ձեռք բերել։

«Շատ ներողություն արտահայտությանս համար, ես այդ 28,000 դոլարով շան բուն չեմ կարող առնել։ Մեր պահանջը նա է, որ մեզ այնքան գումար տան, որ կարողանանք մենք մեր քառակուսու չափով տուն առնենք, այսինքն՝ իմը 55 քառակուսի է, ինձ այնքան գումար տան, որ ես կարողանամ էլի 55 քառակուսիանոց տուն առնել»,- ասաց Վարդաշենի բնակիչներից մեկը:

Կառավարության մոտ իրավիճակը լարվեց

Մահվան սպառնալիքի տակ գոյատևող հարյուրավոր բնակիչներից մի քանի տասնյակն այսօր կառավարության մոտ էր, պահանջում էին, որ մի պաշտոնյա դուրս գա ու իրենց լսի: Նրանց լսող չեղավ, իրավիճակը լարվեց բնակիչներից մեկին, որ ըստ մոր առողջական խնդիրներ ուներ, ոստիկանները բերման ենթարկեցին։ Նրա մոր ինքնազգացողությունն էլ վատացավ, շտապօգնություն կանչեցին։

Ոստիկանությունից «Ազատությանն» ասացին՝ բնակչին ձերբակալել են ոստիկանին հարվածելու համար։ Այս միջադեպից հետո ակցիան շարունակվեց խաղաղ, բայց կառավարությունից ոչ մեկը քաղաքացիներին չլսեց ու չհանդիպեց։

Վարչապետի արձագանքը

Գործադիրի նիստից հետո վարչապետը լրագրողների միջոցով արձագանքեց. «Մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն՝ այդ որ ասում են յոթ միլիոն են տալիս, բա ինչքա՞ն տանք»:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե վթարային շենքերում ապրող մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, բայց իր գլխավորած կառավարության որոշմամբ է քաղաքացիների նկատմամբ այս պարտավորությունը սահմանվել։

Բնակիչներն արձագանքում են վարչապետի հայտարարությանը.- «Խի՞, բա ո՞նց պարտավոր չես։ Հանգիստ թաքուկ նստած ես աթոռին, ցավդ էլ տանեմ, բա հիմա մեր հարցը լուծի, մեր կյանքն է վտանգված։ Չէ, այդպես չի լինում։ Պետությունը պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի համար, պարտավոր է պետությունը, որովհետև այդ քաղաքացին աշխատում է, հարկ է վճարում, որ այս պետությունը զարգանա»:

Վարչապետ Փաշինյանը նաև ասաց.- «7 միլիոն դրամով մնում են փողոցո՞ւմ։ Այո, Հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով գույք ձեռք բերել»։

Բնակիչները, սակայն, հակադարձում են.- «Հայաստանով մեկ ոչ մի տեղ այդպիսի գնով տուն չես կարողանալու առնես»:

«Մենք իհարկե իրադրությանը կծանոթանանք, թե ինչն է հարցը»,- վարչապետի բացատրությունը սաստիկ զայրացրեց բնակիչներին, որ դեռ չէին էլ հեռացել կառավարության մոտից։ Եթե 7 միլիոն 800 հազար դրամը բավարար է բնակարանի համար, թող Փաշինյանն էլ գնի ու բաժանի, առաջարկում էին նրանք։

«Մեր պահանջը մեկն է, որ իրենք մեզ տան բնակարան։ Իրենց ասած գումարով, թող իրենք այդ գումարով տունը առնեն, տան, մենք ուրիշ ավել բան չենք ուզում»,- ասում էին կառավարության մոտ հավաքվածները:

Նրանք հիշեցին Փաշինյանի թիմակիցների հայտարարագրերը, որ իշխանության գալուց հետո տպավորիչ ունեցվածքի տեր են դարձել. «Հայտարարագրերը, որ նայում ենք, ով ինչ է ձեռք բերել։ Բա մի՞թե չեն կարողանում այս 180 ընտանիքին, ամեն մեկին մի բնակարան ապահովեն»:

Ճեպազրույցի վերջում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարդկանց պնդումներին, թե ընտրություններից առաջ համարժեք փոխհատուցման խոստումներ է տվել նաև Փաշինյանը։

«Նախկինում ես իմ հիշողության վրա ավելի վստահ էի, բայց հիմա ինֆորմացիայի ծավալը այնքան մեծ է, որ մի քանի դեպք եղել է, որ ես վստահ եմ եղել, որ այդպես չեմ ասել, այնպես եմ ասել, հետո պարզվել է, որ այդպես չի։ Դրա համար դուք ստուգեք, հետո առիթ կլինի կասեք»,- ասաց վարչապետը:

Մի քանի օրից Վարդաշենի վեցերորդ փողոցի բնակիչները պաշտոնական ծանուցումներ կստանան, որ այստեղ ապրելու համար մեկուկես տարի ժամանակ ունեն։ Բնակիչները, սակայն, ասում են.- «Չենք ընդունելու, չենք ստորագրելու»: