Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային շենքերի բնակիչները նորից Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Ակցիայի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին մի տղամարդու, որն ըստ նրա մոր՝ առողջական խնդիրներ ունի։ Նա հարվածել է ոստիկաններին, ինչից հետո բերման են ենթարկել։ Մոր ինքնազգացողությունը որդու ձերբակալությունից հետո վատացավ, նրա համար շտապ բուժօգնություն կանչեցին:
Հավաքվածներից մի կին էլ պնդեց՝ հրմշտոցի հետևանքով վնասվածքներ է ստացել:
Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային շենքերի բնակիչները տարիներ շարունակ պահանջում էին տարհանել իրենց՝ ահազանգելով, որ 68ա ու 66/1 հասցեի բազմաբնակարանները կարող են փլուզվել ամեն րոպե։ 4-րդ՝ ամենաբարձր վթարայնության շենքերի բնակիչներն ակնկալում էին, որ կառավարությունը իրենց բնակարաններով կապահովի:
Օրերս այդ շենքերը կառավարության որոշմամբ գերակա շահ են ճանաչվել, ու բնակիչներն ասում են, որ պետության տրամադրած փոխատուցումը չափազանց փոքր է՝ այլ կացարան գտնելու համար:
Ըստ կառավարության որոշման՝ վթարային շենքերի բնակիչներին կտրամադրվի 7.8 միլիոն դրամի բնակարանի գնման վկայագիր: Վիճագրական կոմիտեի տվյալներով՝ Էրեբունի վարչական շրջանում, որտեղ գտնվում են այս վթարային շենքերը, բնակարանի 1 քմ-ի գինը մոտ 481 000 դրամ է: Սա նշանակում է, որ պետության տրամադրած գումարը կբավականացնի մոտավորապես 16 քմ-անոց բնակարան գնելու համար: