Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացիներ Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին

Ստոկհոլմում հայտարարվում են տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրները, 12-ը հոկտեմբերի, 2026թ.

Տնտեսագիտության բնագավառի 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի տնտեսագետներ Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին՝ մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերին նվիրված աշխատանքի համար, հաղորդում է Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիան:

Նշվում է, որ երկու գիտնականները մշակել են մակրոտնտեսական նոր մոդելներ, որոնք նշանակալիորեն ընդլայնել են կայունացման արդյունավետ քաղաքականության իրականացման հնարավորությունները: Այդ մոդելների հիման վրա ֆինանսական և դրամավարկային քաղաքականության ժամանակակից միջոցները թույլ են տալիս հարթեցնել թռիչքները և անկումները տնտեսությունում:

Մոդելները մակրոտնտեսական փոփոխականների՝ գնաճի, արտադրության և սպառման միջև վիճակագրական կապերի վրա հիմնելու փոխարեն Հոլը և Վուդֆորդը նախընտրել են դրանք կառուցել միկրոտնտեսական հիմքի վրա: Դա ներառում է ըմբռնումը, թե ինչպես է առանձին տնային տնտեսությունների և ձեռնարկությունների ամբողջությունն ազդում տնտեսության վրա:

«Դափնեկիրների աշխատանքն ապահովել է մեզ ամուր տեսական հիմքով մոդելների համար, որոնք ներկայումս օգտագործվում են կենտրոնական բանկերի և կառավարությունների կողմից ամբողջ աշխարհում: Դրանց շնորհիվ մենք ավելի լավ ենք պատրաստված տնտեսական ցնցումների հաղթահարմանը, ինչպիսին են էներգետիկ ճգնաժամերը կամ կտրուկ փոփոխությունները տնային տնտեսությունների սպառման մակարդակում», - հայտարարել է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհող կոմիտեի նախագահ Ջոն Հասլերը:

Նախորդ շաբաթ հայտարարվել էին Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության բնագավառներում, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խայտառակություն է». Թրամփը դժգոհել է, որ չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակինԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Նավանեթեմ «Նավի» ՓիլայինԳրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի գրող Էնն ՔարսոնինՀայտնի են քիմիայի, ֆիզիկայի և բժշկության Նոբելյան մրցանակակիրները. ինչ են նրանք հայտնաբերել