Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը այսօր լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չտվեց հարցին՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ես գրանցումների վերաբերյալ անգիր տեղեկատվություն չունեմ, բայց կա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է, իրավաբանների ուսումնասիրության հարց է»,- պատասխանեց նա։
Թովմասյանը չմեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները անկլավների մասին: «Ընդամենը լուծումների մասին է եղել, հետևաբար ես չեմ կարող մեկնաբանել», - ասաց նա
Փաշինյանը, մասնավորապես, անկլավների հարցում նաև գյուղերի «տեղաշարժման» տարբերակն էր առաջ քաշել: «Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց, սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, կարող է լինենլ, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն, բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասել է վարչապետը՝ նշելով՝ նույնն էլ լինելու է հակառակ կողմից։
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ:
«Վստահ եմ, որ յուրաքանչյուր լուծում, որը հետագայում կառաջարկվի կամ կընդունվի որևէ իրավական մեկնաբանության առարկա կդառնա: Անհնար է, որ որևէ լուծում տրվի առանց որևէ իրավական կարգավորումների», - ընդգծեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
«Ազատության» հարցին՝ կարո՞ղ է հստակ թիվ ասել, թե որքան է կազմում, օրինակ, Արծվաշենի տարածքը, Թովմասյանը դժվարացավ պատասխանել:
«Կադաստրի կոմիտեն վարում է կադաստրային քարտեզ, որը ստեղծվել է արդեն անկախ Հայաստանի տարիներին: Այսինքն, 97-98 թվականներից, այդ տարածքների չափագրում չի էլ իրականացվել», - ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող անկլավների տարածքների հանրագումարային չափին, Կադաստրի Կոմիտեի ղեկավարը նշեց. «Եթե չեմ սխալվում, կա կարգավորում, որևէ տարածքի ճշգրիտ մակերես կամ սահմանին վերաբերվող հատվածները երկկողմանի համաձայնության արդյունք պետք է լինեն»:
Անկլավ-էքսկլավների թեման 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում է: Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենին զուգահեռ, կիրառում էր նաև «Քյարքի» անվանումը՝ պնդելով, թե այդկերպ հանում է թեմայի նյարդը, որպեսզի այն հետագայում չդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի պատճառ: Փաշինյանը նաև պնդում է, թե անկլավ-էքսկլավների հարցով Բաքվի հետ որևէ քննարկում կամ որոշում չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անկլավների ու էքսկլավների հարցով ի՞նչ մանրամասներ են հայտնում պաշտոնյաները և ինչպե՞ս է արձագանքում ընդդիմությունըԱնդրադառնալով հայ-ամերիկյան TRIPP-ի վերաբերյալ «Ազատության» հարցին՝ արվո՞ւմ են չափագրումներ, որ հասկացվի որքան տարածք է պետք նախագծի իրագործման համար, նա պատասխանեց. «Իմ կարծիքով դրա վերաբերյալ սահմանների վերաբերյալ այստեղ և այնտեղ առկա հանձնաժողովների նիստերի արդյունքում կորոշվի, թե քանի մետրի կամ կմ-ի մասին է խոսքը»:
Սյունիքով անցնող TRIPP-ով Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է լինի անխոչընդոտ՝ թվային գործիքների կիրառմամբ։ Երևանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։