Թեղուտի հանքը նոր սեփականատեր ունի

Թեղուտի հանքավայրը, արխիվ

Թեղուտի պղնձի, մոլիբդենի հանքավայրը վաճառելու գործարքը ՎՏԲ-ն ավարտել է, հանքն ունի նոր սեփականատեր։ Շուրջ 8 տարի չկատարած վարկային պարտավորությունների դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերն անցել էին ռուսական բանկին։ Գարնանը ռուսական կողմը հայտնել էր, որ մոտ է պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքին։ Հայաստանի բանկային համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը վերջերս բանկից ըստ էության ժառանգել է «Թեղուտ»-ի պարտքը ու վաճառել այլ անձի, ում անունը չի հրապարակվում։

Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով, գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։ Այժմ, ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։

Այս տարվա ապրիլի 22-ին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարեց, թե բանկը պղնձի հանքավայրի վաճառքի վերջին փուլում է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների՝ «Թեղուտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմամբ հետաքրքրված էր Կոնստանտին Սոկոլովը, ով հայկական բիզնեսում ավելի հայտնի է որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի սեփականատեր։

ՄՊՀ-ն հավանություն է տվել Թեղուտի գործարքին

Հունիսի 11-ին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով է դիմել «Կուպրար ՌԱ» ընկերությունը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու թույլտվություն ստանալու դիմումով (իրավաբանորեն գործընթացը կոչվում է համակենտրոնացման թույլտվություն)։ Հուլիսի 7-ին հանձնաժողովը բավարարել է դիմումն ու թույլատրել է «Կուպրար ՌԱ»-ի ու «Թեղուտ»-ի համակենտրոնացումը։ Հանձնաժողովը չի հրապարակել տեղեկություններ «Կուպրար ՌԱ»-ի բաժնետերերի, ընկերության ակտիվների, հասույթի չափի մասին։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում «Կուպրար ՌԱ»-ն դեռ չի ներկայացրել իրական շահառուի մասին տեղեկություններ։

Ըստ ռեգիստրի՝ ընկերությունը հիմնադրել է այս տարվա փետրվարին Սերգեյ Վիրաբյանը, ով եղել է նաև ընկերության տնօրենը, վերջինս մինչև հունիսի 5-ը եղել է նաև «Կուպրար ՌԱ»-ի միակ բաժնետերը։ Սերգեյ Վիրաբյանը 2011-2014 թվականներին աշխատել է Կառավարությունում՝ հանդիսանալով «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» ղեկավար։ Նա նաև բանկային համակարգում աշխատանքի փորձ ունի, եղել է «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ դեպարտամենտի տնօրենը, «Արդշինինվեստբանկ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահը, ինչպես նաև «ԱյԴի բանկ»-ի կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրենը։ Վիրաբյանի կողմից հանքարդյունաբերական ընկերություններ ղեկավարելու, բաժնետեր հանդիսանալու մասին տվյալներ չկան։ Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ նա նաև ագրոարտադրությամբ զբաղվող «Էյ սի գարդեն» ընկերության սեփականատերն է։

Վիրաբյանը վերցրել է ՎՏԲ-ի պարտքն ու վաճառել

«Ազատություն»-ը մի քանի հարց ուղղեց Սերգեյ Վիրաբյանին.

«Ազատություն». - Պարոն Վիրաբյան, Դու՞ք եք «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր սեփականատերը։

Սերգեյ Վիրաբյան. - Ոչ։

«Ազատություն». - Բայց «Կուպրար ՌԱ» ընկերության սեփականատերը Դուք եք, այնպես չէ՞:

Վիրաբյան. - Ոչ։

«Ազատություն». - Ըստ որոշ փաստաթղթերի՝ Դուք եղել եք ընկերության տնօրենը, բայց նաև սեփականատերն եք։

Վիրաբյան. - Եղել եմ, ոչ թե հիմա ես եմ։

«Ազատություն». - Մասնակցությունից դու՞րս եք եկել։

Վիրաբյան. - Այո։

«Ազատություն». -Ե՞րբ։ Մեր տվյալները հունիսի են։

Վիրաբյան. - Դրանից հետո։

«Ազատություն». - Իսկ ու՞մ եք փոխանցել բաժնեմասը։

Վիրաբյան. - Դա արդեն գաղտնիք է, չեմ կարող Ձեզ բացահայտել, առևտրային գաղտնիք է։ Ինձ հարցրիք, ես ասացի՝ եղել եմ, փոխանցել եմ։

«Ազատություն». - Այսինքն «Կուպրար ՌԱ»-ն ևս մի անգամ պիտի դիմի հանձնաժողով համակենտրոնացման, քանի որ Դուք դո՞ւրս եք եկել ընկերությունից։

Վիրաբյան. - Չեմ կարող ասել, իրավաբաններն են զբաղվել դրանով, ոչ ես։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք շատ կարճ ժամանակ եք եղել ընկերության սեփականատեր ու տնօրեն։

Վիրաբյան. - Այո, ճիշտ եք։

«Ազատություն». - Դուք հանքարդյունաբերության հետ կապ ունեցող անձի՞ եք փոխանցել Ձեր բաժնեմասը։

Վիրաբյան. - Ես Ձեզ ասում եմ, որ դա չեմ կարող ասել։ Գործարար է։

«Ազատություն». - Կոնստանտին Սոկոլո՞վն է գնորդը։

Վիրաբյան. - Չեմ կարող ասել, առևտրային բաներ եք հարցնում։

«Ազատություն». - Ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչո՞ւ եք վերցրել, հետո վաճառել այլ անձի։

Վիրաբյան. - Դա բիզնես է, ի՞նչ է նշանակում «ինչու եք վերցրել»։

«Ազատություն». - Ըստ էության, Դուք ՎՏԲ-ից «Թեղուտ»-ի պարտքն եք վերցրել, հետո դա վաճառե՞լ եք։

Վիրաբյան. - Այո, այո։

«Ազատություն». - Իսկ այդ պարտքը որքա՞ն է այսօրվա դրությամբ։

Վիրաբյան. - Չեմ կարող ասել։

«Ազատություն». - Դուք այս գործարքներն անձնապե՞ս եք իրականացրել, թե՞ ինչ-որ այլ անձի ներկայացուցիչ եք։

Վիրաբյան. - Ոչ, անձնապես։

«Թեղուտ»-ի նոր բաժնետեր «Կուպրար ՌԱ»-ի գլխավոր տնօրենը հունիսի 9-ից իրավաբան Արտյոմ Գեղամյանն է։ Վերջինս 2014-ին, մի կարճ ժամանակ, եղել է նաև արդարադատության փոխնախարար, Tabia Legal Solutions իրավաբանական ընկերության հիմնադիրն է։ Գեղամյանը նոր մարդ չէ «Թեղուտ»-ում, նա երկար տարիներ եղել է «Թեղուտ»-ի բաժնետեր «Վալլեքս գրուպ»--ի իրավաբանական տնօրենը։

«Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ (դոլարով արտահայտված՝ 440 մլն դոլար)։ 2022-ի մարտին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ նախաձեռնած հարձակումներից հետո, պայմանավորված պատժամիջոցներով ու լոգիստիկ խաթարումներով, հանքավայրի շահագործումը դադարեցվեց, ապա մաս-մաս վերականգնվեց։ Ընկերությունը 2024-ի վերջին պղնձի խտանյութի արտադրությունը հասցրել էր 88 հազար տոննայի՝ արտահանելով խտանյութը Չինաստան, Ռուսաստան ու Շվեյցարիա։



Մկրտիչ Կարապետյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

VTB բանկը վաճառում է Թեղուտի հանքավայրը. ո՞վ է հանքի հնարավոր գնորդըԹեղուտի հանքավայրը վերսկսել է աշխատանքը, բայց առանց հեռանկարի, թե վերագործարկումը երկարատև կլինի«Կախված է աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակից». «Թեղուտի» աշխատանքը դեռ դադարեցված է«Թեղուտ» ընկերությունը ևս մեկ ամսով երկարացրել է հարկադիր պարապուրդը«Թեղուտ»-ը 2 շաբաթով դադարեցնում է աշխատանքը, պատժամիջոցների հետևանքով ընկերությունն արտադրանքը եվրոպական գնորդներին հասցնելու խնդիր ունի