ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ԱԱԾ-ից հայտնում են, որ Սիմոնյանը վերահաստատել է, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։
Ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։
Թե ինչ աշխատանքների կամ ինչ քայլերի մասին է խոսքը, ինչ է ձեռնարկվել, կան այս հարցով որևէ նորություններ, չի հաղորդվում:
Հաղորդագրությունը նշում է, որ քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
Դեռ 44-օրյա պատերազմից հետո 191 մարդու ճակատագիր անհայտ է համարվում, մոտ 900 հոգի էլ անհետ կորած է համարվում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։
2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից 22 անձ անհետ կորած է համարվում։
Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում՝ ըստ պաշտոնական տվյալների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թրամփին ենք նամակ գրել». անհետ կորածների հարազատները կառավարության անգործությունից են խոսում