Տեղահանված արցախցիները վիրավորված են. «Մեր ինքնությանը դեմ է «Ադրբեջան» նշել անձնագրում»

«Կպատռեմ, կպատռեմ, ինձ պասպորտ պետք չի». - նոր կենսաչափական անձնագիրը, որ լայնորեն գովազդվում է որպես ինքնության ապահով խորհրդանիշ, մեղմ ասած, չի ոգևորում Արցախի Մարտունու շրջանից տեղահանված Վալերի Դավթյանին: Պարզվում է՝ իր կապույտ անձնագիրը երբ փոխարինի, ծննդավայրի տողում գրվելու է «Ադրբեջան»:

«Կարճ պատասխանեմ՝ չեմ ընդունում, էդ «Ադրբեջան» բառը չպիտի լինի: Էդքան պայքարից հետո նորից Ադրբեջան, էդքան զոհերից հետո նորից Ադրբեջան: Չեմ ընդունում, կներեք, չեմ ընդունում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավթյանը:

Տեղահանված արցախցիները բորբոքված, վիրավորված են: Միգրացիոն ծառայությունը պարզաբանել էր, որ միջազգային ստանդարտներին համապատասխան է. տեղահանված ու Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթում «Ծննդյան վայր» դաշտում պիտի նշվի «Ադրբեջան»:

«Մեր ինքնության ու արժանապատվությանը դեմ է «Ադրբեջան» նշել անձնագրում, որովհետև դա ոչ միայն ոտնահարում է մեր արժանապատվությունը, որ մեր դեմ ցեղասպանական հանցագործություններ կատարած պետությունն է նշվում մեր անձնագրում, այլ նաև շատ լուրջ վտանգներով է հղի այս իրավիճակը», - ընդգծեց «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանը Ներքին գործերի նախարարություն դիմում է ներկայացրել, որ իր փաստաթղթում չնշվի այդ երկրի անունը: Մտադիր է այս հարցով Ստրասբուրգի դատարան էլ հասնել: Նրա պնդմամբ՝ իրենց ցավեցնելու փոխարեն պետությունն այլ լուծում կարող էր գտնել: Միջազգային ստանդարտ թափահարելը համարում է անտեղի, որովհետև Հայաստանում է ամիսներ առաջ ընդունվել օրենք, որով պարտադիր է դարձել անձնագրում ծննդավայր պետության անունը նշելը. - «Նախորդ օրենքը պետությունը չէր պարտադրում, կարող էր միայն բնակավայրը նշվել»:

Ըստ Բեգլարյանի՝ միջազգային իրավունքում զգայուն հարցերը հաշվի են առնված, և սահմանված է, որ անձնագրում որպես ծննդավայր նշվի կամ պետությունը, կամ բնակավայրը, կամ էլ ոչինչ չնշվի:

«Ո՛չ ICAO-ի ստանդարտներով, ո՛չ ISO ստանդարտներով իրենց ասածը ճիշտ չի: ICAO-ի ստանդարտներով շատ հստակ նշվում է, որ պետությունը պարտադիր չի նշել՝ միայն բնակավայրը կարող են նշել, երկրորդը՝ նշվում է, որ պետք է կոնֆլիկտային տարածքների և վիճելի տարածքների զգայուն քաղաքական հարցերը պետությունները հաշվի առնեն», - ասաց Արտակ Բեգլարյանը:

Թե՛ Միգրացիայի ծառայությունը իր օրեր առաջ տարածած հաղորդագրությունում, թե՛ այսօր ներքին գործերի նախարարը՝ խորհրդարանում, չեն հիշատակում այս տարվա մայիսին ընդունված ու շաբաթներ առաջ ուժի մեջ մտած օրենքը անձը հաստատող փաստաթղթի մասին, որով սահմանվել է՝ անձնագրում ծննդավայրի դիմաց պիտի պետություն նշվի:

Արփինե Սարգսյանը միայն միջազգային ստանդարտն է վկայակոչում. - «Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով նույն ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները, հընթացս տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները, և մենք որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ կոնկրետ քաղաքը»:

Բնակավայրը որպես ծննդավայր նշելու տարբերակն, ըստ Սարգսյանի, ընդունելի չեն համարել, քանի որ այդ անունները ISO ցանկերում չկան. այսօր շատ արցախցիների անձնագրերում Ստեփանակերտ է նշված, բայց հիմա այն Խանքենդի է:

«Այն անվանումները, որոնք մեր հայրենակիցներն ակնկալում են տեսնել անձնագրում, էդպիսի բան չէինք կարող իրականացնել: Մենք գնացել ենք ավելի գլոբալ ճանապարհով, որպեսզի նշենք կոնկրետ պետության տարածքը, դրա համար նախատեսված է «Ադրբեջանի Հանրապետությունը» «Ծննդավայր» դաշտի նշման համար», - ասաց նախարարը:

Իսկ ինչո՞ւ չեն օգտվել այն հնարավորությունից, որ ICAO-ն՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն է տալիս. ծննդավայրի ներառումը կամարտահայտությամբ է:

«Դա ոչ թե անձի կամարտահայտությունն է՝ ուզել կամ չուզել իր անձնագրում նշվի, այլ դա պետությունների ցանկությունն է՝ «Ծննդավայր» դաշտը նշվի՞, կամ «Ծննդավայր» դաշտը ինչպե՞ս նշվի», - ասաց Սարգսյանը:

Իսկ ծննդավայրի տողը բաց թողնելու հնարավորությունն Արփինե Սարգսյանը բացառում է և ունի մեկ օրինակ. Ուրուգվայում այդպես են արել ու խնդիրների բախվել: Չեն ուզում կենսաչափական անձնագրով Հայաստանի քաղաքացիները սահմանահատումների ժամանակ խնդիրների բախվեն:

Անձնագրում ծննդավայրի ներառման հարցում քաղաքական զգայնությունը հաշվի առնելու միջազգային ստանդարտի մասին հիշում է նախարարը. - «Էստեղ պիտի հաշվի առնվի նաև քաղաքական առկա զգայնությունները կոնկրետ պետություններում»:

Իսկ հաշվի առե՞լ են: Իհարկե, ասաց: Միայն թե նախարարը չմանրամասնեց, թե տեղահանվածների անձնագրում «Ադրբեջան» գրելով ում զգայնությունն են հաշվի առել:

«Իրենք որոշում են բոլոր հնարավոր ձևերով Ալիևին դուր գալ, արցախցիներին էլ ցավացնել», - պնդեց Արտակ Բեգլարյանը:

«Արցախ» միության նախագահն առաջարկ ունի՝ նախ փոխել օրենքը, որով պարտադիր է ծննդավայրի տողում պետություն նշելը, մինչև այդ անձնագրում բնակավայրի անունը գրել, ինչպես իրենն է՝ Ստեփանակերտ, մինչև 91 թվականը Արցախում ծնվածների անձնագրում գրել ԽՍՀՄ. - «Միջազգային ստանդարտներով թույլատրվում է նախկին տեղանուններ նշել: Դրա մեջ ԽՍՀՄ-ն էլ է նշված, Հարավսլավիան էլ, Չեխոսլովակիան էլ»:

Ըստ Բեգլարյանի՝ արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացրած Ադրբեջանի անունն իրենց փաստաթղթում դակելը միայն արժանապատվության հարց չէ, այն նաև լուրջ ռիսկեր է պարունակում. արցախցիներին երրորդ երկրներում կարող են նույնականացնել ադրբեջանցիների հետ կամ Բաքվի կողմից հետախուզվող որևէ արցախցու այլ երկրից ուղարկեն անձնագրում նշված ծննդավայր՝ Ադրբեջան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2029-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելն ավելի իրատեսական է դառնում. ՓաշինյանՆոր կենսաչափական անձնագրերը Հայաստանին կմոտեցնեն առանց վիզայի Եվրոպային. Մարթա ԿոսՆոր, կարմիր, կենսաչափական անձնագրի մասին. ինչ արժե և ուր կարող է տանել հայաստանցիներին