Տարիներ բանտում անցկացնելուց հետո՝ ազատություն. բելառուսցիները հասել են Լիտվա

Վաշինգտոնի միջնորդությամբ ազատ արձակված բելառուսցի 250 քաղբանտարկյալներից 15-ը ժամանել են Լիտվա: Տեսանյութերում երևում է՝ ինչպես են նրանց աջակիցներն ուրախ դիմավորում բանտերում տարիներ անցկացրած բելառուսցիներին։

«Մենք միշտ ուրախ էինք, երբ ինչ-որ մեկն ազատ էր արձակվում, բայց սա շատ անսպասելի էր»,- ազատ արձակված բանտարկյալներից բլոգեր Էդուարդ Պալչիսն է ավտոբուսից դուրս գալիս ասել լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, - «Ես մենախցում էի և հիմա այստեղ եմ մենախցից ազատվելուց հետո: Այնպես որ, պարզապես պետք է սովորեմ որոշակի բաների: Բայց նրանք մեզ չէին ասում, թե ուր ենք գնում, ուստի մինչև վերջ չգիտեինք։ Դա անակնկալ էր»։

Բանտարկյալներից մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ Վալիացին Ստեֆանովիչն էլ, որ 5 տարի ճաղերի հետևում է անցկացրել, ասում է՝ դեռ առավոտյան չէր հավատում, որ երեկոյան արդեն ազատության մեջ կլինի. «Վերջին մեկուկես տարվա ընթացքում ես պահվել եմ խիստ պայմաններում փակ բանտում։ Այնպես որ, իհարկե, ես ուրախ եմ։ Ես միշտ եղել և մնում եմ հայրենասեր։ Եվ այն փաստը, որ ինձ վտարեցին իմ հայրենիքից, մեղմ ասած, խորապես վշտացնում է ինձ»։

250 քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին Բելառուսի նախագահի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոալի բանակցություններից հետո:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, էլի առիթը բաց չի թողել պնդելու. «Ես անընդհատ ասում եմ ձեզ, որ մենք քաղաքականությանը վերաբերող քրեական հոդվածներ չունենք և քաղբանտարկյալներ չունենք։ Մենք ունենք մեղավորներ։ Բայց մենք այս հարցը քննարկել ենք։ Կարծում եմ, որ մենք մեծամասամբ գտել ենք ընդհանուր լեզու, և բելառուսական կողմը պատրաստ է հետևել մեր պայմանավորվածություններին»։

Քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Միացյալ Նահանգները չեղարկեց որոշ բելառուսական ընկերությունների և հաստատությունների նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ։ Վաշինգտոնը դեռ անցած տարի դեկտեմբերին արդեն մեղմացրել էր որոշ պատժիչ միջոցառումներ այն բանից հետո, երբ Մինսկն ազատ արձակեց 123 քաղբանտարկյալների։

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոալն, իր հերթին, ընդգծել է, որ Լուկաշենկոն ցանկանում է լինել համաշխարհային խաղացող, ուստի պետք է հետևություններ անի. «Եվ ինչպես ես անձամբ նրան ասել եմ, եթե ուզում ես լինել համաշխարհային խաղացող, չես կարող նման բաներ անել»։

Քննարկվում է նաև Մինսկում ամերիկյան դեսպանատան հնարավոր վերաբացման հարցը, որը փակվել էր 2022-ին, երբ Վլադիմիր Պուտինը Բելառուսը օգտագործեց որպես հենակետ Ուկրաինա ներխուժման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատժամիջոցների տակ գտնվող Բելառուսի նախագահը հնարավոր է այցելի Սպիտակ տուն

ԱՄՆ պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Վաշինգտոնը հույս ունի՝ Լուկաշենկոյի հետ համագործակցելով որոշ չափով հեռացնել նրան Պուտինի ազդեցությունից։ Լուկաշենկոն դեռ դեկտեմբերին էր, սակայն, հայտնել, որ Բելառուսը թեև ԱՄՆ-ի հետ «մեծ գործարքի» մեջ է մտնում, բայց դա չի լինի Ռուսաստանի հետ հարաբերությունները վտանգելու հաշվին։

Բելառուսցի վտարանդի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան Telegram-ում գրել է, որ «ուրախ և թեթևացած» է իրեն զգում և շնորհակալ է Միացյալ Նահանգներին՝ բանտարկյալների ազատ արձակման ջանքերի համար։

Տիխանովսկայայի գրասենյակի տվյալներով՝ ազատ արձակվածներից 235-ը մնացել են Բելառուսում, և միայն 15-ն են ժամանել Լիտվա։
Լիտվան երկար ժամանակ ապաստան է հանդիսացել բելառուսական ընդդիմության համար և աջակցում է երկրի ժողովրդավարական շարժմանը։ Այնուամենայնիվ, Վիլնյուսը չի կարծում, որ Եվրամիությունը պետք է կրկնօրինակի ԱՄՆ-ի մոտեցումը։

«Մենք այս հնարքներին լավ ծանոթ ենք։ Խնդիրն այն է, որ մենք Լուկաշենկոյի համար ստեղծում ենք թերի խրախուսման մեխանիզմ։ Սա կարող է կործանարար ցիկլ դառնալ և սովորական պրակտիկա՝ ազատ արձակել որոշ բանտարկյալների, ձերբակալել մյուսներին, իսկ հետո՝ ԱՄՆ հաջորդ այցի ժամանակ, փոխադարձ փոխհատուցման հույսեր ունենալ»,- ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Եվրամիությունն, իր հերթին, վերջերս ևս 12 ամսով երկարաձգել էր Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները։

Իրավապաշտպանների գնահատականներով՝ Բելառուսում դեռևս 1400 քաղաքական բանտարկյալ կա, որոնց մեծ մասը կալանավորվել է 2020թ. ընտրություններից հետո, որը Եվրամիության առաջնորդները կեղծ են որակել, և որի հետևանքով տասնյակ հազարավոր բելառուսցիներ փախել են երկրից: