«Տաբու բառեր պե՞տք է որոշենք և չխոսե՞նք դրա մասին». Փաշինյանի հայտարարությունը ցեղասպանագետին հիշեցնում է ԽՍՀՄ-ը

ԼՂ-ից տեղահանված մարդիկ ժամանում են Հայաստան, սեպտեմբերի, 2023 թ.

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին խոսելը վնասակար համարող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը հարց է տալիս՝ ի՞նչ է նշանակում նրա հայտարարությունը. արդյո՞ք ցեղասպանագետներն այլևս չեն կարող զբաղվել էթնիկ զտման, ցեղասպանության հարցերով, քանի որ Փաշինյանը դա որակել է վնասակար:

«Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում, իրենք էլ, հայելային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայելային ցեղասպանություն», - ասել էր վարչապետը։

Վարչապետի հայտարարությունը պատմաբանին հիշեցնում է խորհրդային միության ժամանակահատվածը. «Այսինքն՝ հիմա մենք՝ սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, իրավունք չունե՞նք այս բառը օգտագործելու։ Ես՝ որպես մասնագետ, որ զբաղվում է թեմաներում, որտեղ էթնիկ զտումը տարածված տերմին է, ես իրավունք չունե՞մ այն օգտագործել, - ասաց Մանուկյանը, - Նաև ինչ-որ մի տեղ սարսափում եմ դա մեկնաբանել որովհետև մենք նման բաներ մեր պատմության ընթացքում ունեցել ենք, բայց դա այլ պետության մեջ էր, դա Խորհրդային Միության մեջ էր, երբ կային որոշակի արտահայտություններ, թեմաներ, որոնց մասին խոսելն արգելված էր»։

Ըստ Փաշինյանի՝ «դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ»։

«Ես՝ որպես պատմաբան, մեկնաբանում եմ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել։ Իմ մեղքը չէ, որ դա տեղի է ունեցել, և իմ մասնագիտական գոնե աշխատանքը, մասնագիտական օբյեկտիվությունը պահանջում է կատարվածը կոչել իր անունով։ Ես չգիտեմ, այսինքն՝ մենք ինչ-որ տաբու բառեր պե՞տք է որոշենք և չխոսե՞նք դրա մասին», - արձագանքում է ցեղասպանագետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Էթնիկ զտման խոսույթը համարում եմ վնասակար». վարչապետը՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին

Այն, որ Ադրբեջանը 2023-ին Արցախում էթնիկ զտում իրականացրեց՝ ռազմական ագրեսիայի միջոցով բռնի տեղահանելով ավելի քան 100 հազար արցախցիների, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էր բարձրաձայնում: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2023-ին՝ արցախյան մեկօրյա պատերազմից օրեր անց՝ մինչ Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը, ահազանգում էր ցեղասպանության և էթնիկ զտման մասին:

«Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայական է», - հայտարարում էր Միրզոյանը:

2024-ին՝ արդեն իսկ արցախահայերի էթնիկ զտումից հետո, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում Միրզոյանը մեղադրում էր միջազգային հանրությանը, որ ցեղասպանության մասին խոսում են այն ժամանակ, երբ այն արդեն կայացած փաստ է դառնում՝ ժամանակին քայլեր չձեռնարկելով այն կանխելու համար: Ընդ որում, իբրև օրինակ Միրզոյանը բերում էր ոչ միայն անցած դարի Հայոց ցեղասպանությունը, այլև Արցախում տեղի ունեցածը. «Մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի»։

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման մասին ահազանգող Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այդ մասին խոսելն արդեն վնասակար է, և արդյոք այն կարող է վնասակար ու կոնֆլիկտածին լինել, ինչպես պնդում է վարչապետը:

«Ես կարծում եմ, որ կոնֆլիկտները չեն առաջանում հենց այդ հնչեցված ինչ-որ մի բառերից, այլ առաջանում են, որովհետև կան նպաստավոր պայմաններ, կան կառավարության վատ աշխատանքներ և այլն: Այս առումով շատ պարզ ու պրիմիտիվ կլինի, եթե մենք կարծենք, որ միայն այդ մի բառը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ», - նշեց ցեղասպանագետը:

Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ նաև հայտարարել էր. «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված՝ պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետև մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում ոչ միայն չեն հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» քննարկումներից, այլև պատրաստվում են ավելացնել դրանք

«Երբ որ քեզ խորհուրդ են տալիս արդարությունից այլևս չխոսել, արդարության վերականգնման համար աշխատանք չտանել, դա խարխլում է ընդհանրապես քո բարու և չարի նկատմամբ, քո աշխարհայացքի, քո ամենօրյա աշխարհընկալման հիմքերն է խաթարում։ Ես՝ որպես մասնագետ, որպես մարդ, որպես հայ, ունեմ իմ պատկերացումը պատմական արդարության վերականգնման վերաբերյալ, և ես դրա մասին մտածելու եմ, ես դրա մասին խոսելու եմ, ես դա քննարկելու եմ», - նշեց Սուրեն Մանուկյանը։

Ցեղասպանագետը դժարանում է ասել, թե իր այս քաղաքականությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքան հեռուն կգնա, և այսօր արդեն հրաժարվելով պատմական արդարության վերականգնումից՝ արդյոք հնարավոր է՝ մի օր էլ հրաժարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումից և Հայոց ցեղասպանության ինստիտուտի ֆինանսավորումից:

Ի դեպ, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը դեռ 2024-ին հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս կառավարության առաջնահերթություններից չէ: Մեկ տարի անց նույնը կրկնեց վարչապետ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը «լավ չի ըմբռնել ցեղասպանություն եզրույթի էությունը»


«Ընդհանրապես հայ ժողովրդի հիմնասյուներից մեկն է, ի վերջո, հիշողությունը, պատմական հիշողությունը, և ցավոք սրտի, բայց նաև ողբերգական պատմության հիշողությունը մեր ինքնության հիմքերից մեկն է, և այդ առումով ես նախ կուզենայի հուսալ, որ այս քաղաքականությունն իրականացնողները հասկանում են՝ ինչ մեծ վտանգի առաջ կհայտնվեն նաև իրենք, եթե փորձեն այդ քայլերը ձեռնարկել, որովհետև դու կարող ես պետական մակարդակով շատ բաներ չբարձրաձայնել, բայց հանրային գիտակցությունից այդ թեման հանել անհնար է»:

Ցեղասպանագետի համոզմամբ՝ Ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը ոչ թե խանգարող, այլ օգնող միջոց կարող է լինել խաղաղության վերականգնման համար. «Ի վերջո, հենց պատմական ճշմարտությունը իմանալուց, ընդունելուց և արդարությունը վերականգնելուց հետո է հնարավոր իրական խաղաղություն»։