Ստեփանակերտի բնակիչ Ավանեսյանի համար Ադրբեջանում 18 տարվա ազատազրկում են պահանջել

Ադրբեջանի պետական մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկման դատապարտել Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած մոտ մեկ տասնյակ հայերից Կարեն Ավանեսյանին՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեղադրանքով։

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում քննվող նիստին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ցուցմունք են տվել միջադեպի վկաները: Թե ովքեր են, չի հստակեցվում։

58-ամյա Ավանեսյանը ձերբակալվել էր այս տարվա աշնանը։ Ադրբեջանցի իրավապահների պնդմամբ՝ նա սեպտեմբերի 14-ին իբր փորձել էր քաղաքի կենտրոնում «ահաբեկչական գործողություն իրականացնել», ինչի արդյունքում ոստիկաններ էին վիրավորվել։

Միջադեպը տեղի էր ունեցել նախագահ Ալիևի՝ Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ։ Անկախ աղբյուրներով հնարավոր չէ հետևել դատաքննության ընթացքին: Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 25-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյանջայում մեկնարկել է Ստեփանակերտի բնակիչ Ավանեսյանի դատավարությունը Ստեփանակերտի հայ բնակչի գործը ուղարկվել է դատարան