Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր մինչև երկու ամսով հետաձգեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր կազմակերպություն, որը կկառավարի IMEI-ների շտեմարանը: Թե՛ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը, թե՛ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեցին, որ նախագծի վրա լրացուցիչ շտկումներ անելու կարիք կա:
Քննարկում հանձնաժողովում գրեթե չծավալվեց, բայց նախարարը կարճ ներկայացրեց, թե ինչ է ենթադրում նախագծի ընդունումը: Խնդիրը, որն այս նախաձեռնությամբ գործադիրը փորձում է լուծել, ըստ նախարարի, ստվերի դեմ պայքարն է:
«Այսինքն՝ կկարողանանք իդենտիֆիկացնել օրինական ճանապարհով ներկրված և օգտագործվող հեռախոսների համարները և համապատասխան սանկցիաներ կիրառել այն բջջային հեռախոսների նկատմամբ, որոնք չեն համապատասխանի օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Բայց կրկնեմ՝ կարիք կա հստակեցումների․ կփորձենք հնարավորինս արագ՝ մինչև երկամսյա ժամկետը, ավելի ընդունելի նախագիծ ներկայացնել», - ներկայացրեց Դավիթ Թադևոսյանը:
հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ շարունակեց՝ բացի ստվերի դեմ պայքարից՝ նաև անվտանգային խնդիր է լուծվելու այս նախագծով. «Այսինքն՝ փորձելու ենք պաշտպանել հայաստանյան բաժանորդներին գողացված և այլ խնդրահարույց հեռախոսներից»:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ոլորտի փորձագետների հետ ունեցել են նախնական քննարկում և եկել այն եզրահանգման, որ կա շտկումներ անելու անհրաժեշտություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
IMEI-ների օրինագծի շուրջ Կառավարության պարզաբանումները մասնագետների մտահոգությունները չեն փարատում«Խոստացել ենք նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո քննարկել իրենց հետ, համաձայնեցնել, այնուհետև քննարկել հանձնաժողովի նիստում: Մինչև հանձնաժողովի հաջորդ նիստը մենք կաշխատենք միասին, նաև աշխատանքային քննարկումներ կունենանք», - նշեց Թունյանը:
Նիստին ներկա ընդդիմադիրներն, այդուհանդերձ, հորդորեցին առհասարակ հրաժարվել այս գաղափարից:
«Պարո՛ն նախարար, այս օրենքը պետք է չեղարկվի, բազմաթիվ խնդրահարույց կետեր ունի: Ասվում է՝ կանխելու է գողություն: Օրինակ՝ իմ բարեկամուհու հեռախոսը գողացել էին, ինքը IMEI-ով և գեոլոկացիայով ներկայացավ ոստիկանություն, տեղանքն անգամ ասաց, բայց այդպես էլ չգտան: Տվյալներ ուզեք ոստիկանությունից՝ կտեսնեք, որ ոչ մի գողացված հեռախոս չի հայտնաբերվում: Սա բեռ է լինելու սպառողների վրա՝ 3000 դրամ, իսկ պետությունն էլ վերահսկելու է իրեն», - նշեց պատգամավոր Հարություն Մնացականյանը: