«Ստացածս մեսիջների 80 տոկոսը շնորհակալություն է». - Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին

«Մի ամսվա մեջ տասնյակ կենտրոններ եմ գնացել, երևի ստանում եմ օրական մինչև 120 մեսիջ, բացի էդ 20 տոկոսի, էսպես, առաջարկներ-դիտողություններից, 80 տոկոսը շնորհակալություն է: Շատ դեպքերում անգամ իրենք զարմանում են, որ սա հնարավոր էր: Ես ձեր նշած ո՛չ տրամադրություններն եմ տեսել, լսել և արձանագրել, դրա համար հարցին էլ չեմ պատասխանի». - առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսպես արձագանքեց լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ դժգոհում են, որ ապահովագրության շրջանակներում քիչ ծառայություններ են ընդգրկված:

«Ազատություն»-ն էլ հետաքրքրվեց՝ տարիներ շարունակ, պետպատվերի ծառայություններից օգտվող բուժառուները տարվա կեսից հիվանդանոցներում լսել են «պետպատվերն ավարտվել է» արտահայտությունը, պետական ապահովագրության դեպքում սա բացառո՞ւմ է:

Նախարարն ասաց՝ հերթագրումները նորմալ են, ու այս դեպքում էլ կլինեն բուժառուներ, որոնք կհերթագրվեն, բայց ոչ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողները:

«Այսինքն՝ 2025 թիվն էլ, ուզում եմ հստակ արձանագրենք, որ պետական պատվերի շրջանակներում ով որ կարիք է ունեցել բուժօգնության, ստացել է այդ բուժօգնությունը որոշ ծառայությունների մասով մինչև մեկ ամիս հերթագրման սկզբունքով», - նշեց Ավանեսյանը:

Առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանի հաշվարկներով՝ այս տարվա երկրորդ-երրորդ եռամսյակում բուժառուն նորից կլսի «գումարի պակասորդ կա, ձեզ հերթագրում ենք» նախադասությունը: Իսկ օրենքով հերթագրման սպասման ժամկետը, հիշեցրեց, մեկից մինչև վեց ամիս է:

«Բյուջեն հաստատված է 2026 թվականի 220 միլիարդ դրամ, որից 20 միլիարդի կարգի չի վերաբերում բժշկական օգնության ծառայություններին, մոտ 200 միլիարդ: Տարվա կտրվածքով ապահովագրավճար կհավաքվի աշխատող մարդկանցից, ըստ նախնական տվյալների, մոտավորապես 54-ից 56 միլիարդ դրամի մասին է խոսքը, լավ, 56: Չի բավարարի այս տեմպերով, իմ շատ կոշտ վերլուծությամբ՝ մինչև 50-60 միլիարդի պակասորդ է լինելու: Կսկսի զգացնելը մարտ-ապրիլ ամիսներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:

Աշխատող քաղաքացին, որ ի տարբերություն մյուս խմբերի՝ ինքն է վճարելու պարտադիր ապահովագրության համար, պոլիկլինիկայից հիվանդանոց հասնելու համար երեք օրից մինչև երեք շաբաթ կարող է կորցնել: Ստացվում է, որ այդ բոլոր օրերի համար աշխատող քաղաքացին պետք է աշխատանքից բացակայի:

Նախարարը պնդեց՝ եվրոպական երկրներում այդ հերթագրումներն ավելի երկար են տևում:

«Եթե վերցնեք երեք օրում մասնագետի հասանելիությունը եվրոպական երկրներում ապահովագրության շրջանակներում մասնագետի հասանելիության, շատ կզարմանաք, թե երեք օրը դա իսկապես հիանալի ցուցանիշ է այսօրվա առողջապահական համակարգերի համար», - ասաց Ավանեսյանը:

Առողջապահական պետական ապահովագրությամբ պետությունը վճարում է նաև մի խումբ դեղերի համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հաճախ մարդն այդ դեղերը ստանալու համար ստիպված է լինում մի քանի դեղատուն անցնել: Դա էլ է նորմալ, հակադարձեց նախարարը՝ մանրամասնելով. - «Առաջին ամիսն է, որ մեր դեղագործական ընկերությունները սկսել են էսպիսի մեծ ծավալով բացթողումներ անել, իրենց մոտ էլ դեռ կուտակված վիճակագրական և, էսպես, տվյալներ չկան, թե ինչքան է իրենց սպառումը ամսեկան դեղորայքի լինելու, որ ճիշտ չափաքանակներով դեֆեկտուրա լրացնեն, իրենց պաշարները համալրվեն: Մեկ-երկու ամսից նրանք էլ, արդեն հասկանալով, որ միջին շարժը ինչքան է լինելու, վստահաբար կգան նրան, որ դեղատները մեծամասամբ կունենան ամբողջական նամենկլատուրան»:

«Անգամ եթե բուժառուն ապահովագրության շրջանակներում իր բուժման համար ոչինչ չի մուծում, լինում են դեպքեր, երբ ստիպված վճարովի հիվանդասենյակի համար է վճարում», - սրան էլ Ավանեսյանն արձագանքեց՝ կլինեն հիվանդանոցներ, որտեղ կսպառվեն անվճար հիվանդասենյակները, բայց «էնտեղ էլ շատ հստակ տարանջատված են». - «Այո, քաղաքացին պիտի հավելյալ դրա համար վճարի, եթե չի ուզում վճարի, ուրեմն՝ պետք է ընտրի այլ բժշկական կենտրոն, որտեղ այդ պալատները, այդ մահճակալները հասանելի են»:

Նախարարը չընդունեց նաև պնդումները, թե հատկապես վիրաբույժներն իրենց վիրահատությունների դիմաց պետական ապահովագրությունից չնչին փոխհատուցումներ են ստանում: Ուղիղ հակառակը, ասաց: Բայց ընդունեց՝ կարիք կա նորից բարձրացնելու պոլիկլինիկաների թերապևտների ու մանկաբույժների աշխատավարձերը: Նեղ մասնագետների աշխատավարձերն էլ կբարձրանան՝ հստակ մեխանիզմով:

«Հարգելի նեղ մասնագետներ, դուք ամեն խորհրդատվությունը իրականացնելու դիմաց վճար եք ստանալու: ... Մենք ունենք 3000 դրամ, եթե խորհրդատվությունը տվյալ պոլիկլինիկայում է իրականացվում, որովհետև էստեղ էլ պիտի հաշվենք՝ ֆինանսավորում ենք per capita, այսինքն՝ էն 3000 դրամը, որը պիտի գնար վարչական ծախսերին, իրականացվում է per capita-ով, 6000 դրամ, եթե խորհրդատվությունը իրականացվում է ոչ կոնկրետ տվյալ, քո կցագրված պոլիկլինիկայում, և, իհարկե, հնարավորություն ունենք էնտեղ նաև այլ ծառայություններ կան, որոնք հիմա, էսպես, շատ, անունները չշփոթելու համար չեմ ներկայացնի, բայց կարող ենք ցանկից ձեզ տրամադրել», - ասաց Անահիտ Ավանեսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պետական հիմնադրամն ու 4 մասնավոր ապահովագրականներ հուշագիր ստորագրեցինՀամընդհանուր առողջապահական ապահովագրություն. Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում մարդկանց «հոսքը շատացել է»Նախարարը նոր տվյալներ է ներկայացրել առողջության համընդհանուր ապահովագրության մասին Առողջության ապահովագրություն. անվճար վիրահատություններ, բայց նաև խնդիրներ«Կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց չենք տալիս ուղիղ». Թորոսյանը՝ առողջության ապահովագրության մասին Կառավարությունը հաստատեց առողջության ապահովագրության ռեգիստրի տվյալների հավաքման կարգըԱռաջին փուլում՝ 1 միլիոն 600 հազար մարդ. ինչպես է սկսելու գործել առողջության ապահովագրությունը