Սպորտայի՞ն, թե՞ քաղաքական հարց է հայ դահուկորդի հետ պատահածը: Միքայել Միքայելյանն օրերս հրաժարվել էր «Ադրբեջան» գրությունը կրծքին դուրս գալ իտալական Tour de Ski մրցաշարում սահքի՝ փակելով այն կպչուն ժապավենով։
«Հիմա դա ուղիղ հոգեբանական ճնշում էր այդ մարզիկի վրա՞, թե՞ ոչ։ Առաջնահերթությունը մարզիկի՞ իրավունքներն են, թե՞ մարկեթինգային իրավունքները։ Երբ որ իմ հարցին կպատասխանեք, կհասկանանք՝ դա քաղաքական հարց է, թե սպորտային», - հարցնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Նրա այս հարցը երկու հասցեատեր ունի՝ միջազգային ֆեդերացիայի նախագահն ու Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ Սպորտային այս սկանդալից մի շաբաթ անց Ժաննա Անդրեասյանը հստակ ասել էր՝ սպորտը պետք է մնա սպորտ:
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին, և կարևոր է, որ մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին», - նշել էր նախարարը:
Նախարարության և ֆեդերացիայի միջև կարճ նամակագրություն էլ է եղել, գերատեսչությունից պարզաբանում էին պահանջել՝ ինչո՞ւ է Միքայելը փակել մարզահագուստի վրա Ադրբեջանի գովազդը, ֆեդերացիայի նախագահի պատասխանն էլ կարճ էր՝ քայլն առավել քան պարզ է և պարզաբանման կարիք չունի։
Ինքը՝ 26-ամյա Միքայելը, մեկ շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում բացատրել էր. «Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր են, քան թե ինչ-որ ստից պատիժներ գումար տեսքով»:
«Միքայելի քայլը խաղաղ դիվանագիտություն է: Պետությանը հարցրեք՝ դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարզիկն այդ մեկնարկային համարով. ՀՀ քաղաքացիներն ունեն իրենց պետության աջակցության կարիքը, և դա պետության, տվյալ դեպքում ուղիղ պարտականությունն է», - նշում է Գագիկ Սարգսյանը:
Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունն անցած տարի է 5 տարվա պայմանագիր կնքել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ, և հիմա ոչ միայն դրոշների, գովազդային վահանակների, այլև մի շարք մրցումների ընթացքում նաև մարզիկների համազգեստների վրա է հայտնվում գովազդատուի, այս դեպքում երկրի անունը։
Ի դեպ, Բաքուն այսօր պաշտոնապես դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհելով հայ դահուկորդի քայլից։
«Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին։ Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելությունից, ռասիզմից, քսենոֆոբիայից և այլ բացասական դրսևորումներից խուսափելը պետք է լինի հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցույթների համար», - նշվում է հայտարարության մեջ։
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն «Ազատությանն» ասաց, որ տուգանքի չափը դեռ չգիտեն, բայց արդեն վճարել ցանկացողների հերթ է։ Ասում է՝ ֆեդերացիան այդ հարցը կլուծի, ավելին՝ այս թեմայով մի զրույց էլ սպասվում է Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ։
Այս սկանդալը նախապատմություն ունի։ Անցած տարի, երբ քննարկվում էին միջազգային ֆեդերացիային Ադրբեջանի լիիրավ անդամակցության և գլխավոր հովանավոր դառնալու հարցերը, Սարգսյանն իր մտահոգությունները բարձրաձայնել էր, հիշեցրել էր՝ 22 թվականին Ադրբեջանը առաջինը Ջերմուկի սահուղիներին էր հարվածել, բայց հարցը հօգուտ Ադրբեջանի էր լուծվել:
«Աշխարհում չկա մի ֆեդերացիա միջազգային մարզաձևի, որի հովանավոր դարձած լինի որևէ պետական գերատեսչություն, նման նախադեպ ուղղակի չկա, որովհետև այդ պետությունն առավելություն է ունենալու մնացածի նկատմամբ», - նշեց նա:
Ու հիմա ստեղծված իրավիճակում փաստացի ստորադասվում է սպորտսմենի բարոյահոգեբանական վիճակը, շարունակեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը՝ պնդելով, որ հարցին իրավական լուծում են տալու՝ սպորտային արբիտրաժից մինչև Եվրոպական դատարան. «Առաջինը մարզիկի իրավունքն է»:
Մրցաշարային տարին նոր է սկսվել, ու այս խնդրին հայ մարզիկները նորից են բախվելու։ Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջարկ ունեն միջազգային ֆեդերացիային՝ Հայաստանը ներկայացնող մարզիկների հագուստի վրա թողնել մեկ այլ գլխավոր հովանավորի անուն, ինչն, ի դեպ, տեղի է ունեցել նույն իտալական մրցաշարի հաջորդող փուլերին։ Սա կլինի սպորտային լուծում, կարծում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը, երբ ֆինանսական շահի կողքին չի ստորադասվում սպորտսմենի արժանապատվությունը։