Սպիտակում քաղաքական հաշվեհարդար չէ, այլ՝ կադրային փոփոխություն, վստահեցնում են համայնքապետարանից

Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյան, արխիվ

Քաղաքական հաշվեհարդար չէ, այլ սովորական կադրային փոփոխություն. Սպիտակի համայնքապետարանն այսպես է բացատրում ընտրություններից առաջ մրցակից թիմում հայտնված պաշտոնյաներին աշխատանքից ազատելը։

«Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել է համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը, որը «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակում երկրորդ համարն է: Նա պնդել է, թե «որոշումներն ընդունվել են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում՝ հաշվի առնելով համայնքային կառավարման արդյունավետությունը և աշխատանքային գործընթացների կազմակերպումը», իսկ նրանց թեկնածու լինելու մասին, Մաթոսյանի պնդմամբ, իմացել են ազատման որոշումներից հետո միայն։

«Քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումը և օրենքով լիազորված պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների շրջանակում կադրային որոշումներ կայացնելը տարբեր իրավահարաբերություններ են: Համայնքի ղեկավարի որոշումները քաղաքական հաշվեհարդարի կամ որևէ քաղաքական ուժի գործունեությունը սահմանափակելու նպատակ չեն հետապնդել կամ որևէ քաղաքական դրդապատճառներ չեն ունեցել և չեն հակասում ՀՀ վարչապետի առաջ քաշած ժողովրդավարական սկզբունքներին», - նշել է պաշտոնյան:

Բայց կազմակերպչական ի՞նչ թերացումներ են ունեցել տարիների աշխատողները, որ հիմա մրցակից թիմի թեկնածուներ են: Այդ մասին ազատման հրամաններում ոչ մի տող չկա, իսկ հեռացված վարչական ղեկավարները Մաթոսյանի պնդումներն անհիմն են համարում։

«Հանկարծ միացան այլ ուժի, ու նույն օրվա մեջ, երկու օրվա տարբերությամբ պարզվեց, որ թե՛ փոխհամայնքապետն է վատ աշխատում, թե՛ էդ վարչական ղեկավարները բոլորը վատ են աշխատում, հա՞, էդ երկու օրվա մեջ պարզվեց: Տասնյակ տարի աշխատում էին, նոր պարզվեց, հա՞, որ վատ էին աշխատում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Շիրակամուտի վարչական ղեկավար Միքայել Պապոյանը:

Պապոյանը նույնպես միացել է քաղաքապետի մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցությանն ու չի բացառում, որ ինքն էլ շուտով կազատվի աշխատանքից: Շեշտում է՝ տարիներով աշխատել են լարված մթնոլորտում, իսկ քաղաքական մրցակից դառնալը պարզապես վերջին կաթիլն էր։

«Այսինքն՝ սա համարում եք, ամեն դեպքում, քաղաքակա՞ն դրդապատճառներով ազատումներ», - «Ազատության» այս հարցին Շիրակամուտի վարչական ղեկավարն արձագանքեց. - «Համարելու ի՞նչ հարց կա, դա տրամաբանությամբ՝ եթե էդպես է, բոլորն էլ տեսնում են, եթե էդպես չէր, թող մի տարի առաջ ազատեր»:

Մինչ համայնքապետարանը պնդում է, թե ազատումները լիովին օրինական են, դատական նախադեպերը հակառակն են փաստում։ Նմանատիպ դեպքով Վարչական դատարանն ավելի վաղ վճռել էր, որ վարչական ղեկավարին չեն կարող աշխատանքից հեռացնել առանց հստակ հիմքերի, իսկ գործից ազատելու հիմքերը կարող են լինել իշխանափոխությունը, ղեկավարի փոփոխությունը կամ օրենքով անհամատեղելի համարվող աշխատանքը համատեղելը: Սպիտակում այս պատճառներից և ոչ մեկը չկա․ ոչ իշխանությունն է փոխվել, ոչ համայնքապետը, ոչ էլ պաշտոնյաներն են այլ աշխատանք կատարել:

Արդյո՞ք սա պաշտոնեական դիրքի չարաշահում է նոյեմբերի 29-ին նշանակված ՏԻՄ ընտրություններից առաջ: Անկախ դիտորդներն արդեն իսկ սա օրենքի կոպիտ խախտում են համարել, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն վարչական վարույթ է հարուցել և պաշտոնական հարցում ուղարկել համայնքապետարան։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ասացին՝ դեռ հինգ օր ունեն՝ կսպասեն պատասխանին: Կունենա՞ արդյոք սա իրավական հետևանքներ իշխող թիմի քաղաքապետի համար, դեռ հայտնի չէ։

Երեք շաբաթից կայանալիք Սպիտակի ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Բարոյական արժեքներ»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ-ն կուսումնասիրի Քաջայր Նիկողոսյանի՝ իրեն ընդդիմադիր դարձած ենթականերին ազատելու որոշումները Սպիտակում համայնքապետի ենթակաները նրա դեմ են դուրս եկել․ ընտրություններին կմասնակցեն մրցակցի թիմում