Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց: Դատարանը բավարարեց քննչականի միջնորդությունը, այս մասին հայտնում են փաստաբանները։ Դատարանի որոշումից հետո Դավիթի մոր ինքնազգացողությունը վատացավ:
Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել դատարանի անաչառ քննությանը:
Դավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտ
18-ամյա Դավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտ: Դատարանից բանտ ճանապարհին նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել հիվանդանոց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալՔննչական կոմիտեն այսօր առավոտյան արդեն երկրորդ անգամ խուզարկել է կիրակի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված պատանիների բնակարանը։ Մայրն ու փաստաբանը, սակայն, որևէ տեղեկություններ չհաղորդեցին այս մասին։
Երեկ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էր ասել, որ իրավապահներն ապացույցներ են փնտրում եկեղեցում պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու նպատակով բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով հարուցված գործի համար։
Այս գործով Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանը երեկ Քննչականից ազատ արձակվեց: Խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվեc գրավ՝ 5 միլիոն դրամի չափով:
Քննչականը երեկ մեղադրանք առաջադրեց Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագինՍուրբ Աննայի միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ:
Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը ենթադրաբար անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում: Փաստաբանը պնդում է՝ վարչապետին ուղղված հարված չի եղել այն, ինչի համար ՔԿ-ն մեղադրում է Դավիթին: