Սկսվել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարների գործով դատավարությունը

Առաջին ատյանի դատարանում սկսվել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դատավարությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Առաջին նիստին դատարանը պետք է անցնի նրանց խափանման միջոցի հարցի քննությանը: Դատախազը միջնորդեց Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնել ևս երեք ամսով։ Դատախազ Հայկ Ավետյանը նշեց, որ առկա են հիմքեր, որ Սաղաթելյանն ազատության մեջ կփորձի ազդել վկաների վրա։ Գործով դատախազը նշեց, որ Սաղաթելյանը Ռուսաստանի քաղաքացի է և ազատության մեջ ավելի մեծ հնարավորություն ունի թաքնվելու իրավապահներից, նաև՝ նոր հանցանք կգործի. «Նրանք պրոֆեսիոնալ մեդիա մասնագետներ են և տնային պայմաններում անգամ կարող են հաղորդակցվել հանրության հետ»,- ասաց դատախազ Հայկ Ավետյանը:

Դատախազը թեև Նարեկ Սամսոնյանի թաքնվելու ռիսկը բարձր չգնահատեց, այդուհանդերձ, միջնորդեց Սամսոնյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնել։

Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը հակադարձեց դատախազին՝ պաշտպանյալը նախորդ գործով արդարացվել է, հետևաբար տեղին չէ դատախազի մատնանշումը, թե անցած անգամ կալանքից ազատ արձակեցին, և նրանք նորից հանցանք գործեցին։ Վազգեն Սաղաթելյանն իր հերթին ասաց. «Ինձ համար ամոթալի է փախչել իմ երկրից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանք՝ ԱԺ նախագահի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար

Փոդքասթի հաղորդավարները կալանավորվել էին նոյեմբերին: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր հայացքներով հաղորդավարները 7 ժամանոց հարցազրույց էին ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս հարցազրույցից հետո ԱԺ նախագահն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին, քննադատել նրան ու վիրավորական՝ «շան լակոտ, լածիրակ» բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին: Սրանից հետո արդեն ընդդիմադիր հաղորդավարները մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի ներկայացուցիչները քաղաքական են որակում մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե սպառնալիք է հնչում, ի՞նչ պիտի անեմ, չէի կարող չդիմել. Ալեն Սիմոնյանը՝ հաղորդման մասինՁերբակալվեցին փոդքաստի հաղորդավարներ, ընդդիմադիրներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն ՍաղաթելյանըՍամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվելՍամսոնյանն ու Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են