Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտնել է, որ նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով։ Այդ մասին հայտնում են Index-ը և Economx-ը։
Մադյարը չի բացահայտել գործի մանրամասները։ Նրա խոսքով՝ չի ցանկանում ազդել հետաքննության ընթացքի վրա և եզրակացություններ անել, քանի որ գործը ներառում է բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող գաղտնի նյութեր։
2026թ. մարտին լրատվամիջոցները հրապարակել էին 2024-ի օգոստոսին տեղի ունեցած՝ Սիյարտոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրյալ հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Դրանում ՌԴ ԱԳ նախարարն իր հունգարացի գործընկերոջը խնդրում էր աջակցել ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովի քրոջ՝ Գուլբախոր Իսմայիլովայի անունը Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելու գործընթացին։
Յոթ ամիս անց Եվրամիությունը նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևը շանտաժի է ենթարկում մեզ. ՍիյարտոՀետաքննողների տվյալներով՝ Սիյարտոն պարբերաբար Լավրովին տեղեկացրել է եվրոպացի դիվանագետների գաղտնի բանակցությունների մանրամասների մասին։
Նույն հեռախոսազրույցի ընթացքում նա, ըստ պնդումների, փոխանցել է նաև 2024թ. օգոստոսի 29-ին կայացած Եվրամիության Արտաքին գործերի խորհրդի նիստի մանրամասները։
Մեկ այլ հեռախոսազրույցի ընթացքում Սիյարտոն Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին հայտնել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ Եվրամիության կողմից Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը չեղարկելու համար։