Սիբիհան ու Ֆիդանը քննարկել են Սև ծովում նավարկության ազատությանը վերաբերող հարցեր

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, արխիվ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին Սիբիհան գրել է X-ի իր էջում:

«Ես տեղեկացրեցի իմ թուրք գործընկերոջը Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ Ռուսաստանի կողմից ահաբեկչության սրման մասին։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Սևծովյան ամենաուժեղ տերությունն է՝ 2022 թվականից ի վեր խաղաղության ջանքերի հաջող արձանագրմամբ, Անկարան կարող է կարևոր դեր խաղալ նավարկության ազատության վերականգնման գործում։ Սա հատկապես կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության համար անընդունելի ռիսկերի ֆոնին, որոնք բխում են Ուկրաինայի ծովային միջանցքի վրա Ռուսաստանի հարձակումներից բերքահավաքի գագաթնակետին», - գրել է Սիբիհան։

Նա նշել է, որ Ֆիդանի հետ խոսել են նաև նավարկության ազատությունը վերականգնելու և համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու ուղիների մասին։

Այս ամիս Թուրքիայի ԱԳ նախարարն այցելել էր Ուկրաինա, որտեղ էլ հայտարարել է՝ Անկարան չի ցանկանում, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը տարածվի դեպի Սև ծով՝ հավելելով, որ Թուրքիան շարունակում է աջակցել միջնորդական ջանքերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայի պատերազմը տարածվի դեպի Սև ծով. Ֆիդան