Շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է. Գերագույն հոգևոր խորհուրդ

Շրջանառվող «ներեկեղեցական հակադրությունների» թեզը արհեստածին է, երեկ կայացած ժողովին արձանագրել է Գերագույն հոգևոր խորհուրդը: Այս լուրերը, ըստ խորհրդի, նպատակ ունի օրինականացնել «իշխանությունների ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին»։

Գերագույն հոգևոր խորհուրդը, որը Ամենայն Հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին է, նշել է, որ քաղաքականության մեջ Եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքն անհիմն և անընդունելի:

Վարչապետը դեռ նախորդ տարվա գարնանից պահանջում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը՝ նախ նրան մեղադրելով կուսակրոնության ուխտի խախտման, ապա նաև գործակալ լինելու մեջ: Այս ընթացքում նրան են միացել նաև բարձրաստիճան հոգևորականներ: Տևական ժամանակ կանոնական դաշտ վերադառնալու հորդորներից հետո Գարեգին Երկրորդը պաշտոնանկ արեց Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներից Գևորգ Սարոյանին:

ԳՀԽ-ն իր մտահոգությունն է արտահայտել եպիսկոպոսների քայլերի, «Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ հայտարարությունների ու մեղադրանքների առնչությամբ», դատապարտել եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնված եկեղեցու բարենորոգման ծրագրին:

Փաշինյանը և Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հունիսի 4-ի ուշ երեկոյան վարչապետի կեցավայրում հանդես եկան «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ»՝ ներկայացնելով բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնելով Համակարգող խորհրդի ձևավորման մասին: Այս հայտարարությունից հետո մոտ երկու տասնյակ հոգևորական է հայտնել, թե միանում է Կաթողիկոսին գահընկեց անելու՝ Փաշինյանի արշավին:

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը ազմակերպել փետրվար ամսվա ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական գործ՝ Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչեցրած արտահայտության համար