Շիրակում կարկուտը վնասել է հացահատիկի դաշտերը. ի՞նչ քայլեր է ծրագրում գործադիրը

Շիրակի մարզում աճում է Հայաստանում մշակվող հացահատիկի 30 տոկոսը: Մարզի 78 հազար հեկտար վարելահողից մոտ 40 հազար հեկտարում ցորեն է աճում: Բայց այս ամառ իրար հաջորդած 5 ուժգին կարկուտներից հետո արդեն իսկ պարզ է, որ լավ բերքի հույսը հօդս է ցնդել:

Կարկուտն ամեն անգամ մի տարածաշրջանի ցանքատարածություններ էր վնասում: Հիմնական վնասը հենց հացահատիկին է հասցվել՝ 50-70 տոկոս, որոշ դեպքերում էլ մինչև 100 տոկոս: Քաղից առաջ հասցված վնասն արդեն որևէ կերպ վերականգնել հնարավոր չէ:

Հայկաձորցիներն ասում են՝ կրծողների համար սա տոն է, դաշտերում թափված ցորենի ու գարու հատիկներն նրանք կամբարեն ու կբազմանան և հաջորդ տարի արդեն կրծողների հետ էլ են կռիվ տալու:

Հայաստանը հացահատիկի առումով ինքնաբավ երկիր չէ, ընդհանուր սպառմամբ միայն 23 տոկոսն է տեղում աճում, մնացածը ներկրվում է՝ հիմնականում Ռուսաստանից, որի հետ Հայաստանի հարաբերություններն արդեն մի քանի ամիս է՝ լարված են: Միայն անցած տարի Հայաստանն ավելի քան 332 հազար տոննա ցորեն է ներկրել: Այն տարիներին, երբ կառավարությունը սուբսիդիա չի տրամադրում, ցանքատարածությունները սովորաբար նվազում են միջինը 5-10 հազար հեկտարով:

Արդեն 2 տարի է՝ կառավարությունը հացահատիկի մշակման համար մեկ հեկտարի հաշվով 80 հազար դրամ ցորենի, 70 հազար դրամ էլ գարու համար սուբսիդիա է տրամադրում գյուղացիական տնտեսություններին: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում անցած տարի 253 000 տոննա հացահատիկ է արտադրվել: Այս տարվա տեղումնառատ եղանակային պայմանները խոստանում էին լավ բերք ապահովել, գյուղացիները մեծ ակնկալիքներ ունեին նույնիսկ չոռոգվող ցանքատարածություններից:

Հիմա, երբ արդեն պարզ է, որ ամենաշատ ցորեն մշակող մարզում բերքի ծավալը սպասվածից անհամեմատ փոքր է լինելու, ի՞նչ քայլեր է ծրագրում գործադիրը: Կառավարության վերջին նիստերի ընթացքում այս հարցը հրապարակավ չի քննարկվել, բայց այս ամսվա սկզբին վարչապետի գլխավորությամբ մի խորհրդակցություն էր եղել, որի ընթացքում պաշտոնյաները քննարկել էին ցորենի տեղական արտադրության ծավալները մեծացնելու հնարավորությունները:

Խորհրդակցությունից պարզ դարձավ, որ իշխանության ութ տարիների ընթացքում Փաշինյանի կառավարությունը մինչ այս պահը չի քարտեզագրել ցորենի համար հարմար ու չմշակվող հողատարածքները: Այդ խորհրդակցությանը վարչապետը հողերը գույքագրելու հանձնարարական էր տվել: Գործադիրի կողմից այլ քայլերի մասին չի հաղորդվել:

Ինչ վերաբերում է կարկուտի հասցրած վնասի փոխհատուցմանը, առայժմ դրա մասին էլ խոսք չկա: Հացահատիկի կարկտահարության դեպքերը այս տարի կառավարությունը ներառել է գյուղապահովագրության ցանկում: Մեկ հեկտարի համար գյուղացին վճարում է միջինը 5-10 հազար դրամ: Ըստ գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տվյալների՝ Հայաստանում այս տարի ընդհանուր առմամբ ընդամենը 8391 հեկտար ցանքատարածություն է ապահովագրվել, որից ամենաշատը 3778 հեկտարը Շիրակի մարզում: Ապահովագրված հողատարածքները կփոխհատուցվեն, մնացածի մասին դեռ խոսք չկա ու փոխհատուցման ակնկալիք չունեցող գյուղացիները հիմա փոշմանել են, որ չեն ապահովագրել:

Միայն Շիրակում հազարավոր հեկտարներով հացահատիկի ցանքատարածություններ են վնասվել: Համայնքապետարաններն ու մարզպետարանը դեռ վնասների գույքագրում են անում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հերթական կարկտահարությունը Շիրակի մարզում այս անգամ Անիի 6 գյուղի է վնաս հասցրելՈւժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել Գյումրիին և մեկ տասնյակ այլ համայնքներիԿարկուտը վնասներ է հասցրել Շիրակի մարզում «Հազիվ ենք փրկել երեխաներին». Գյումրիում կարկուտը տանն է «գիշերել», փողոց, խանութ ու մեքենա հեղեղել