«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել»,- խոսելով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, և ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Փաշինյանը:
«Կարծում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա և պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ»,- շեշտեց վարչապետը:
Հարցին, թե շրջանառվում էին տեղեկություններ, թե Մուստաֆաևի հետ քննարկվել է նաև ադրբեջանցիների վերադարձի շուրջ հարցը, արդյոք դա համապատասխանում է իրականությանը, վարչապետը պատասխանեց.
«Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի, Բաքվի հայերի վերադարձի հարց, որովհետև երկու ուղղությամբ քննարկումներն ունեն պրովակատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին կարող են թեժացնել: Երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը: Դա էժան ներքաղաքական շահարկում է»,- ասաց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստան այցելեց. քննարկվել են սահմանազատման և այլ հարցեր, ստորագրվել է արձանագրությունՆախօրեին Հայաստան էր ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Մուստաֆաևը նաև սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովի նախագահն է։
Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:
«Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում:
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց նաև, որ նոյեմբերից մինչև օրս շուրջ 26,000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով եկել ՀՀ.
«Հիմա, գործնականում արգելք և որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն»,- ասաց Փաշինյանը: