Կիևից հայտնում են՝ Սև ծովում բեռնատար նավի վրա ռուսական հարվածից զոհերի թիվը հասել է 10-ի

Սև ծովով եգիպտացորեն տեղափոխող նավի վրա ռուսական հրթիռային հարվածից զոհերի թիվը հասել է 10-ի, հայտարարել են ուկրաինացի պաշտոնյաները։

Ըստ Կիևի, զոհերից ինը Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող «Golden Leo» նավի անձնակազմի անդամներ են՝ Հնդկաստանի և Սիրիայի քաղաքացիներ։

Սա ամենամահացու հարձակումն էր անցած շաբաթներին այս տարածաշրջանում թեժացող բռնությունների շարքում։ Թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը փուձում են ամրապնդել վերահսկողությունը Սև ծովում, որով նավագնացությունը էապես խաթարվել էր 2022-ին՝ Ռուսաստանի սկսած պատերազմի մեկնարկին, ապա՝ վերականգնվել՝ հացահատիկի ոլորտում համաշխարհային մատակարարումները երաշխավորելու միջնորդական ջանքերի շնորհիվ։

Զուգահեռ, ուկրաինական ուժերը շարունակել են հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ նավթատարներին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, թե անցած գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգստի վառելիքի պահեստարաններին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին թուրքական բեռնատար նավի վրա մահացու հարվածի համար